Յան Գիլանը և «Սև մութ ամպեր» հայկական ժողովրդական երգը... Ռոք երաժշտության լեգենդ Յան Գիլանը այն գործիչներից էր, որը հատուկ ուղերձ-նամակով ցավակցեց գյումրեցիներին մեկ տարի առաջ կատարված վայրագության' Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ:
Գյումրիում հանրահայտ "Deep Purple" ռոք խմբի մենակատար Յան Գիլանը մի քանի անգամ է եղել բարեգործական նպատակներով: Դեռևս 1989-ին Գիլանը «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի նախաձեռնողներից էր, որի նպատակն էր օգնել 1988 թ. երկրաշարժից տուժած Գյումրիին: 2009-ին Գիլանը Հայաստան եկավ այդ նախագծի կազմակերպիչ Ջոն Դիի և "Black Sabbath" խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ' արդեն «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում:
Այդ այցի ժամանակ Գիլանը, Դին և Այոմին հայտնեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը աջակցելու իրենց գաղափարի մասին, որից հետո մի քանի տարի այդ նպատակի համար դրամահավաք էր ընթանում:
2011-ին Գիլանը, Այոմին և ընկերները' Արա Գևորգյանի և Արշակ Սահակյանի մասնակցությամբ թողարկեցին հայկական դուդուկի ելևէջների և «Սև մութ ամպեր» ժողովրդական երգի հիման վրա մշակված "Holly Water" («Սուրբ Ջուր») երգը' բարեգործական "Who Cares" ռոք նախագծի շրջանակներում: Իսկ արդեն 2013 թվականի սեպտեմբերին Յան Գիլանը եւ Ջոն Դին Գյումրիում մասնակցեցին երաժշտական դպրոցի նոր շենքի պաշտոնական բացմանը: Նշենք, որ 2014-ի մայիսին Նյու-Յորքում Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում Յան Գիլանին շնորհվեց «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը: