ՀՀ կառավարության ս.թ. հունվարի 14- ի նիստի հաստատմանն են ներկայացված կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և 2016թ. գերակա խնդիրները, դրանց հիմնավորումները: Ծրագիրը բաղկացած է 105 կետից և ընդգրկում է նախարարությունների և գերատեսչությունների ամբողջ գործունեությունը տարվա ընթացքում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն առաջարկում է, ի թիվս այլ հարցերի, սահմանել էներգախնայողության ազգային ծրագրի երկրորդ փուլի միջոցառումները, այն քայլերը, որոնց շնորհիվ կնվազի ՀՀ կախվածությունը ներկրվող էներգակիրներից:
ՀՀ ֆինանսների նախարարության գծով նախատեսվում է, մասնավորապես, «Գնումների մասին» ՀՀ օրենքը համապատասխանացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի պահանջներին: Իրենց ոլորտների կարևորագույն հիմնահարցերն են ծրագիր ներառել ՀՀ տրանսպորտի է կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի և մյուս նախարարությունները, գերատեսչությունները: Հաստատման ենթակա 2016թ. գերակա խնդիրները բաղկացած են 62 կետից, որոնք դարձյալ ներկայացվում են ըստ նախարարությունների և գերատեսչությունների:
Գերակա են համարվում Իրան- Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրով սարքավորումների ներկրման, հենասյուների մոնտաժման աշխատանքները, Հայաստան- Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառուի ընտրությունը, Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շարունակությունը, երկրի պարենային անվտանգության վիճակի, Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավումը, սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացումը, հայ մշակույթի զարգացմանն ուղղված ժամանակակից գործընթացների խթանումը և այլն:
Թե´ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, թե´ 2016թ. գերակա խնդիրներն օժտված են հանգամանալից հիմնավորումներով. նշված են տվյալ խնդրի լուծման անհրաժեշտությունը, այդ լուծումից ակնկալվող արդյունքը: Հաստատվելու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Արմեն Վարդանյան