Դրաստամատ Կանայանը և Մարտիրոս Չարուխչյանը 1907 թվականին... Այս եզակի լուսանկարում՝ հայ ազատագրական շարժման երկու մտերիմ ընկերներն են՝ Դրաստամատ Կանայանը (Դրո) և Մարտիրոս Չարուխչյանը:

 

1905-1907 թթ. հայ-թաթարական (ադրբեջանական) բախումները ի հայտ բերեցին մի կարևոր իրողություն: Դա այն էր, որ հայությունը Հարավային Կովկասում դարձել էր բավականին ազդեցիկ գործոն ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական պատրասվածության առումով, որի հետ արդեն հաշվի չնստել ուղղակի հնարավոր չէր: Դրան նպաստեց նաև այն, որ հայ ազգային ուժերը մահվան դատապարտեցին և այդ մահապատիժներն ի կատար ածեցին ցարական կառավարության այն պետական պաշտոնյաների հանդեպ, որոնք բախումների ընթացքում ակնհայտ աջակցել էին կովկասյան թաթարներին (ադրբեջանցիներին) :

 

Այդ գործողությունների շարքից էր նաև բարձրաստիճան պաշտոնյա գեներալ Մաքսուդ Ալիխանով-Ավարսկու ահաբեկումը: Նա ազգությամբ ավարացի (դաղստանցի) էր, իսկ նրա կինը՝ ադրբեջանցի, Նախիջևանի խանական տոհմից: Ալիխանով-Ավարսկին հենց Նախիջևանում էր «աչքի ընկել»՝ բացահայտ հրահրելով այնտեղ հայկական ջարդերը և աջակցելով ադրբեջանցի հրոսակներին:

 

Ալիխանով-Ավարսկու մահապատիժն ի կատար ածեցին մտերիմ ընկերներ Դրաստամատ Կանայանն ու Մարտիրոս Չարուխչյանը 1907 թ. հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), երբ գեներալին տեղափոխող կառքը շարժվում էր քաղաքի Բեհբութովյան փողոցով: Փողոցի աջ և ձախ կողմերում դարանակալած հայ վրիժառուները անկասելի էին. նախ շքախմբի առջևում պայթում է Դրոյի նետած ռումբը՝ կանգնեցնելով ձիերին, իսկ ակնթարթ անց՝ Մարտիրոսը իր մոտ եղած ռումբով պայթեցնում է գեներալի կառքը:

 

Ռուբեն Շուխյան