Դեռևս խորհրդային տարիներին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մասին հիշատակումները շատ սուղ էին ու զուրկ իրական բովանդակային հենքից՝ գոյություն ուներ այն տեղեկատվությունը, որը տարածվում էր պաշտոնապես այդ երկրի իշխանությունների կողմից և այն լուրերը, որոնք շրջանառության մեջ էին դրվում այնտեղ աշխատած կամ տարբեր պատվիրակությունների կազմում այցելած անձանց կողմից:

 

Մեծ հաշվով, առնվազն ութսունականներից սկսած ու մինչ օրս ԿԺԴՀ-ն հանրային ընկալման մեջ ներկայանում է որպես քարացած առաջնորդապաշտության երկիր, ուր մարդկանց կյանքն ամբողջովին ենթարկված է դոկտրինալ պահանջների տառին: Անգամ ԽՍՀՄ-ում էին դրան վերաբերվում որպես անհեթեթ զավեշտի: Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում այն մասին, թե ինչպես է այդ երկրի ներկայիս առաջնորդը խոշտանգում ու տանջամահ անում իր մերձավոր ազգականներին կամ տարատեսակ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Խոսակցությունների մշտական թեմա է նաև այն, թե ինչ մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում այդ երկիրն իր անմիջական հարևանների ու աշխարհի համար՝ սեփական միջուկային զենքն ու այն տեղ հասցնելու համար անհրաժեշտ հրթիռային համակարգերն ունենալու պատճառով: Ըստ էության ԿԺԴՀ-ն ներկայացվում է որպես մի հրեշ պետական կազմավորում, որն անվերահսկելի է, իսկ դրա կողմից ձեռնարկվելիք գործողություններն էլ՝ անկանխատեսելի:

 

ԿԺԴՀ-ն, թերևս, ժամանակակից աշխարհում այսօր գոյություն ունեցող հրեշ-պետության ամենահին նմուշն, մինչդեռ նորագույն տարբերակը ասպարեզ մտավ Իսլամական Պետության անվան տակ: Այս երկուսի տարբերությունն այն է, որ ԻՊ-ի ստեղծումն էր ծավալուն տարածաշրջանային ռազմաքաղաքական փոփոխությունների նպատակը հետապնդում, այնինչ Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանում նմանօրինակ համընդգրկուն արդյունքի կարող է հանգեցնել ԿԺԴՀ-ի հնարավոր տապալումը կամ կործանումը: Հայտնի է, որ թեև ԿԺԴՀ-ն ընդհանուր սահմանի մի փոքրիկ հատվածով ելք ունի դեպի Ռուսաստան, այդուհանդերձ տարիներ շարունակ այդ երկրի հիմնական, եթե ոչ միակ, աջակիցն ու մատակարարն է հանդիսանում Չինաստանը:

 

 

Արման Մելիքյան