Ռուսական կայսրության կովկասյան տարածաշրջանում բնակվող ժողովուրդներից հայերն առաջինն էին, որ կազմեցին և տպագրեցին իրենց ազգային լեզվի և ռուսերենի թարգմանական բառարանները: Ռուս-հայերեն առաջին բառարանը, որի մեջ ներառված էր նաև հայ-ռուսերեն բաժինը, տպագրվել է Գրիգոր Խալդարյանցի և Կարապետ Սարաֆյանի կողմից դեռևս 1788 թվականին Սանկտ Պետերբուրգում: Բառարանի անվանումը եղել է «Գիրք որ կոչի սաւիղ լեզուագիտեան» և պարունակել է մոտ 2500 բառ:
Երկրորդ ռուս-հայերեն բառարանը, որի տիտղոսաթերթը ներկայացված է պատկերում, տպագրվեց արդեն 1821 թվականին Մոսկվայում ֆրանսիացի հրատարակիչ Ավգուստ Սեմենի տպարանում' բարձր տպագրական որակով և հայատառ գեղեցիկ մի դրոշմապատկերով: Բառարանը, որը պարունակում է 9000 բառ, հայերեն առաջաբան և կազմված է 288 էջից, հեղինակել է Հարություն Ալամդարյանը (1795-1834)' հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ։
Հարություն Ալամդարյանը ծնվել է Աստրախանում, ավարտել տեղի Աղաբաբյան հայկական դպրոցը և 1813-ին հայ մեծահարուստներ Լազարյանների կողմից հրավիրվել Մոսկվա: Եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչն ու ուսուցիչը, միաժամանակ ուսանել է Մոսկվայի համալսարանում։ 1824-1830 թվականներին' Ալամդարյանը եղել է Թիֆլիսի Ներսիսյան հայկական դպրոցի տեսուչը:
Ռուբեն Շուխյան