Քիչ հայտնի փաստ է, որ Անիի հայկական թագավորության արքա Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանը գտնվել է Հոռոմոսում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանից ոչ այնքան հեռու: Հոռոմոսի վանքային համալիրը (կամ Ղոշավանք) 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետական նշանավոր հուշարձանախումբ է Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին։ Այստեղ է եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը: Հոռոմոսի վանքի Սուրբ Գևորգ եկեղեցու արևելքում միանավ կամարապատ, կիսաշրջանաձև ապսիդ ունեցող փոքր մատուռի ավերակ կա (նկար 1՝ Արամ Վրույրի լուսանկարը): Ներկայումս կանգուն են միայն հյուսիսային և արևելյան պատերը (նկար 2): Հենց այս վայրում է գտնվել Աշոտ Բագրատունի 3-րդ Ողորմած թագավորի (953-977 թթ.) գերեզմանը՝ թվագրված 977 թվականով:

 

 

Արևելյան անկյունում գտնվող քարե կառուցահատվածը, հնարավոր է, խաչքարի հիմք է: Այս դամբարանավայրի արևելքում մեկ այլ գերեզման է եղել, որը Աշոտ Ողորմածի կնոջ` հայոց թագուհի Խոսրովանույշի գերեզմանն էր: Աշոտ Ողորմածի գերեզմանը կանգուն է մնացել մինչ 1921 թ.՝ մինչև չարաբաստիկ ռուս-թուրքական պայմանագրով այդ բնիկ հայկական տարածքների նվիրաբերումը Թուրքիային: Հետագայում ողջ վանքային համալիրը ավերվել է թուրքական բանակի «զորավարժությունների» ընթացքում: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին այս գերեզմանին մշտապես ուղտագնացության են եկել հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանը (նկար 3), Հովհաննես Թումանյանը, Ավետիկ Իսահակյանը:

 

 

Աշոտ Ողորմածի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային մեծ վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Նրա օրոք 961-ին արքունիքը Կարսից տեղափոխվել է Անի, որը հիմնովին պարսպապատվել է, կառուցվել են պալատներ և այլ շինություններ, և Անին հռչակվել է Հայոց մայրաքաղաք։ Աշոտ 3-ը երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, ապաստաններ և նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որը բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ 3-ը «բարեգործ» էր, որի համար էլ նրան անվանել են «Ողորմած»։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966-ին հիմնել է Սանահինի, իսկ 976-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով խոշոր գիտակրթական կենտրոններ դարձան: