Իրանի և Սաուդյան Արաբիայի ու իր արբանյակների դիմակայության համապատկերում Ադրբեջանի իշխանությունը չթուլացող ուշադրությամբ է հետևում Բաքվից 25 կմ հեռու գտնվող Նարդարան ավանի իրադարձություններին: Այսօր անցկացվել է հերթական հատուկ գործողությունը, որի արդյունքում ոստիկանությունը կրկին զենք ու զինամթերք է հայտնաբերել՝ ատրճանակի 15 փամփուշտ, ԱԿ մակնիշի մեկ ինքնաձիգ: Ուշագրավն այն է, որ հատուկ գործողությունն անցկացվել է ավանի բնակիչներից մեկի տեղեկության հիման վրա:
Ձերբակալվել է Նարդարանի ավագների խորհրդի նախագահ Նաթիղ Քերիմովը, ում ավելի ուշ պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել: Քերիմովին կարող են դատապարտել 10- 15 տարվա ազատազրկման:

 


2015թ. նոյեմբերի վերջին անցկացված հատուկ գործողության ժամանակ ոչնչացվել էին, ինչպես Էյնուլայի կայքն է գրում, «Մահմեդական միասնություն» հանցագործ խմբավորման 5 անդամ և ոստիկանության 2 աշխատակից: 2015 և 2016թթ. սահմանագծին ծավալված ճգնաժամերին հաջորդեց շիա քարոզիչ Նիմր ամ- Նիմրի մահապատիժը, ինչը հանգեցրեց իրանաարաբական, ոմանց կարծիքով՝ շիա- սունիական դիմակայության: Եվ քանի որ Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է իսլամի շիա ուղղությանը, որոշ երկրներ սկսել են տագնապով նայել ադրբեջանցիներին՝ նրանց հնարավոր սպառնալիք համարելով:

 


Էյնուլայի կայքը գրում է, որ Նարդարանը վաղուց ի վեր «փոքրիկ Իրան» անունն է կրում: Բնակիչներն ապրում են շարիաթի օրենքներով, երեխաները սովորաբար դպրոց չեն հաճախում, աքսակալներն էլ գտնվում են Իրանի ազդեցության ներքո: Ադրբեջանի փորձագետների կարծիքով Իրանը ցանկություն ունի վերադառնալ «հին, կայսերական մեծության դարաշրջան» և հընթացս իր գիրկը վերադարձնել ոչ միայն նախկին տարածքները՝ Իրաքն ու Մերձավոր Արևելքի մյուս երկրները, այլև Ադրբեջանն ու Տաջիկստանը: Արտասահմանյան մի շարք փորձագետների կարծիքով իբր Թեհրանում է նախապատրաստվել Տաջիկստանի անցյալ դարի 90- ական թվականների քաղաքացիական պատերազմը: «Իրանը միջամտում է այնպիսի երկրների ներքին գործերին, ինչպիսիք են Իրաքը, Ադրբեջանը, Լիբանանը, Բահրեյնը, Եմենը, որտեղ ոչ մեծ քանակով շիա բնակչություն կա»,- ասել է փորձագետներից մեկը:

 


Նարդարանի «կիսանկախ» գոյությունը Բաքվի քթի տակ լրջորեն անհանգստացնում է Ադրբեջանի իշխանությանը: Չնայած պաշտոնական Բաքուն այս փոքրիկ ավանում վերջապես վերականգնել է ադրբեջանական օրենքների գործողությունը և ծածանել Ադրբեջանի պետական դրոշը, անհանգստությունը դրանով չի ավարտվում: Իշխանությունը մտավախություն ունի, որ տարածաշրջանի լարվածության ահագնացումը կարող է նոր ազդակ հանդիսանալ նարդարանցիների համար, որպեսզի նրանք, վայելելով Իրանի Իսլամական Հանրապետության բազմակողմանի աջակցությունը, ձգտեն փաստացի անկախության...

 

Անի Սանոսյան