Ամենքս նոր հույսերով ու ակնկալիքներով մուտք գործեցինք ժամանակի մի նոր շրջափուլ, որով ազդարարվեց նոր տարվա սկիզբը: Երբ մի պահ խորհրդածում ենք ժամանակի մասին, նկատում ենք մի պարզ ճշմարտություն, թե ինչպիսի արագությամբ է սահում մեր կյանքը: «Որդյակներ, վերջին ժամանակը հասել է…» (Ա Հովհ. 2,18),- զգուշացնում է Հովհաննես առաքյալը: Հիրավի, մարդկային կյանքի յուրաքանչյուր պահ ինչ-որ իմաստով վերջին է, որովհետև միշտ եզակի է ու անկրկնելի:
Ժամանակի ամեն ակնթարթը մեր կյանքից անցնում և պատմություն է դառնում՝ նետվելով հավիտենականության գիրկը: Սակայն ժամանակի անցավոր հատկությունը որակազրկվում է, երբ նրա քանակական ընթացքը հատկորոշվում է որակական չափումներով: «Vita longa est, si uti scias» («Կյանքը երկար է, եթե գիտես օգտագործել այն»),- բնորոշում է Սենեկան: Կյանքի անցողիկությունը շարունակ զբաղեցրել է բոլոր ժամանակների բոլոր սերունդների միտքը:
Որքան խորհրդանշական է հնից նոր տարվա ջրբաժանին լսել աստվածախոս Պողոսի ավետաբեր պատգամը. «ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿԻ ԼՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ, ԱՍՏՎԱԾ ՈՒՂԱՐԿԵՑ ԻՐ ՈՐԴՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ … ՄԵԶ ԴԱՐՁՆԻ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐ» (Գաղ. 4, 4-5): Այն պահից, երբ Անժամանակը մուտք գործեց ժամանակի մեջ, մարդը հնարավորություն ստացավ խույս տալու ժամանակի ստրկությունից: Աստվածորդին մտավ ժամանակի մեջ՝ իմաստավորելով ժամանակը և ուղենշելով կյանքի մի նոր հեռանկար, որ հավիտենականությունն է: Այդ խորհրդավոր իրադարձությամբ ժամանակը փոխակերպվեց մեր վերջնական ու վճռորոշ ճակատագրի կերտման փորձաշրջանի: Ժամանակը, մի տեսակ դարձավ Աստծո սիրո հարցաքննությունը, որ սպասում է մեր ազատ ու ճակատագրական պատասխանին: Անհրաժեշտ է, որ ագահությամբ մոտենանք մեր ժամանակին՝ փութաջան լինենք բարիք գործելու մեջ՝ այն հաստատուն հույսով, որ գալու է մի օր, երբ շողարձակելու է լույսն առանց մայրամուտի:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
Ռուբեն վարդապետ Զարգարյան