Մի շարք սիրիական լրատվամիջոցներ հաղորդում են, որ դեկտեմբերի 26-ին իսրայելական օդուժն առնվազն 7 ավիահարված է հասցրել Սիրիայում լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության դիրքերին: Այս տեղեկատվությունը տարածվում է այն ժամանակ, երբ դեռ տարածաշրջանային և արևմտյան բազմաթիվ ԶԼՄ-ների լրահոսի կենտրոնական հատվածից չեն իջել նշված միջադեպից ընդամենը 1 շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 19-ին, իսրայելական օդուժի կողմից Դամասկոսի արևելյան Ջարամանա թաղամասի ռմբահարման վերաբերյալ բազմակողմանի վերլուծությունները, որի հետևանքով սպանվել էր «Հիզբալլահի» առանցքային դեմքերից մեկն՝ լիբանանցի դրուզ, բրիգադի գեներալ Սամիր Կունտարը և նրա հետ՝ սիրիական վարչակարգի դաշնակից ուժերի մի քանի այլ հրամանատարներ. իսրայելական կողմն, ընդունված մարտավարության համաձայն, ցայժմ չի ընդունել գործողության պատասխանատվությունը:

 


Ընդ որում, լրատվամիջոցների կողմից հատկապես ընդգծվում է ոչ միայն առկա իրավիճակում Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի կողմից հատուկ գործողության իրականացման հանգամանքն, այլև՝ իսրայելական հետախուզական ծառայությունների՝ օպերատիվ տվյալների տիրապետելու առանձնահատուկ ունակություներն. այս համատեքստում ուշագրավն այն է, որ Կունտարը Լիբանանից Դամասկոս էր վերադարձել միջադեպից ընդամենը 12 ժամ առաջ, իսկ այդ բնակարան նա հազվադեպ էր այցելում, այն էլ՝ շատ կարճ ժամանակով: Բացի այդ, ըստ որոշ աղբյուրների, ռմբահարված շինությունում ընթանում էր հույժ գաղտնի խորհրդակցություն՝ սիրիական կառավարամետ տարաբնույթ խմբավորումների առաջնորդների մասնակցությամբ:
Իսրայելական օդուժի հատուկ գործողությունը սուր քննադատությամբ և միանշանակ հակահարվածի սպառնալիքով ընդունվեց ինչպես «Հիզբալլահի» բարձրագույն ղեկավարության կողմից, որտեղից հնչեցին շատ շուտով կա՛մ Իսրայելում, կա՛մ աշխարհի որևէ այլ վայրում հուժկու վրեժ լուծելու վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ, այնպես էլ՝ սիրիական կառավարամետ այլ ուժերի որոշ շրջանակների մոտ:

 


Հասկանալու համար նման արձագանքի պատճառները՝ անհրաժեշտ է որոշ մանրամասներ ներկայացնել Սամիր Կունտարի «մարտական» անցյալից: Դեռևս 1979թ. 17 տարեկան հասակում նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հրեական պետության տարածքում՝ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեղադրանքով, որի հետևանքով սահմռկեցուցիչ կերպով սպանվել էին 3 իսրայելցիներ: Կալանավայրում ազատազրկման տարիներին Կունտարը հասցնում է ամուսնանալ, նաև ավարտել Իսրայելի Բաց համալսարանը՝ ստանալով սոցիոլոգի ակադեմիական աստիճան: Կունտարը բանտից ազատվում է 2008թ.՝ Իսրայելի և «Հիզբալլահի» միջև կայացած «գործարքի» արդյունքում՝ «ՑԱՀԱԼ-ի՝» դեռևս 2006 թ. գերված 2 զինծառայողների՝ Էհուդ Գոլդվասերի և Էլդադ Ռեհևի դիակների դիմաց: Ի դեպ, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի կողմից արդարադատության նախարարին հասցեագրված համաներման նամակում շարադրված էր հետևյալ միտքը. «Ցանկանում եմ ընդգծել ակնհայտն՝ իմ որոշումը որևէ կերպ չի նշանակում այդ մարդասպանի զզվելի և ստոր արարքների ներում: Ես չեմ ներում և չեմ մոռանում»:

 


Սա է պատճառը, որ արդեն ազատության մեջ Սամիր Կունտարը շարունակում է մնալ իսրայելական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում. նրա նկատմամբ իրականացվում է 6 անհաջող մահափորձ: Ազատվելով իսրայելական կալանավայրից՝ էությամբ չափազանց համեստ և լռակյաց Կունտարը «Հիզբալլահի» շարքերում շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել «սիոնիստական ագրեսորի» դեմ դիմադրության շարժմանն, իսկ սիրիական ճգնաժամին «Հիզբալլահի» ուղղակիորեն ներգրավման ընթացքում արդեն գործուղվում է Սիրիա՝ լիազորված լինելով երկրի հարավում և հարավ-արևմուտքում գործող դրուզական ուժերին հօգուտ Բաշար ալ-Ասադի տրամադրելու և որոշ հատուկ գործողություններ ղեկավարելու հարցում:
Ինչպես արդեն նշվեց, Կունտարի սպանությունը և հատկապես դրա իրականացման ձևը լուրջ արձագանք ստացավ սիրիական կառավարամետ ուժերի տարբեր շրջանակներում (լիբանանյան, նաև՝ իրանական)՝ բազմաթիվ հարցադրումներ առաջացնելով, որքան էլ ուշագրավ է, հատկապես ռուսական կողմի հանդեպ: Այս համատեքստում, հատկապես ընդգծվում է այն հանգամանքը, որ իսրայելական օդուժի հատուկ գործողությունն իրականացվել է հենց Սիրիայի տարածքում, ասել է թե՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գործողության արեալում:

 


Մի կողմ թողնելով այն իրողությունը, որ Սամիր Կունտարին և առհասարակ «դիմադրության» շարժման առաջնամարտիկներից որևէ մեկին շարքից հեռացնելն Հրեական պետության համար անվտանգության, իմիջի հարց է, այնուամենայնիվ, այստեղ շատ ավելի լուրջ հարցականներ է առաջացնում միջադեպի վերաբերյալ Մոսկվայի իներտ դիրքորոշումն: Այս համատեքստում, առաջ են քաշվում երկու մոտեցումներ՝ տեխնիկական և քաղաքական: Առաջինի պարագայում հիմնական պնդումն այն է, որ ռուսական ժամանակակից ՀՕՊ համակարգերն ի զորու չեն եղել՝ որսալու իսրայելական ռազմական ինքնաթիռների թռիչքը Սիրիայի տարածքում: Թերևս սա է պատճառը, որ այս վարկածը հերքելու նպատակով միաժամանակ մի շարք ԶԼՄ-ներ տեսակետ շրջանառեցին այն մասին, որ իսրայելական օդուժի գործողությունը տեղի է ունեցել ոչ թե Սիրիայի տարածքում, այլ՝ Հրեական պետության սահմաններից: Նշվում է անգամ, որ սիրիական ռադարները ֆիքսել են գործողությունն իրականացրած իսրայելական F-15 տեսակի ռազմական ինքնաթիռներին, որոնք գործել են Հրեական պետության տարածքից՝ 90 կմ հեռավորությունից՝ չխախտելով Սիրիայի հետ սահմանը: Նաև, տեղեկատվություն է տարածվում առ այն, որ սպանության պատասխանատվությունը ստանձնել են սիրիական հակակառավարական որոշ խմբավորումներ, կամ, որ հենց «Հիզբալլահն» է լիկվիդացրել իր հրամանատարին:

 


Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ապա այս ուղղությամբ առաջ է քաշվում հատկապես այն տեսակետը, որ գործողությունն իրականացվել է Մոսկվայի և Թել Ավիվի միջև կայացած փոխհամաձայնության արդյունքում, կամ՝ պայմանավորված է Ռուսաստանի կողմից՝ Իսրայելի՝ սեփական շահերը պաշտպանելու մոտեցումն ընդունելու իրողությամբ՝ հատկապես հաշվի առնելով սիրիական հակամարտության շրջանակներում արդեն շուրջ 3 ամիս շարունակվող Ռուսաստանի գործուն միջամտության ընթացքում իսրայելական օդուժի կողմից պարբերաբար իրականացվող սահմանահատումների, հատուկ գործողությունների իրողությունը (ռուսական օդատիեզերական ուժերի միավորները ևս պարբերաբար խախտում են սիրիա-իսրայելական սահմանը):
Մինչդեռ ինչ հիմնվորում էլ ունենա ռուսական կողմի լուռ համաձայնությունն ու իսրայելական գործողությունների անտեսումն, Սիրիայում Մոսկվայի դաշնակիցները շատ ավելի զգայուն են մոտենում հարցին՝ Ռուսաստանի քաղաքականությունը որակելով որպես «դավաճանություն»: Հատկապես ընդգծվում է, որ Սիրիայում Ռուսաստանի գործընկերներից մեկի՝ «Հիզբալլահի» առանցքային դեմքի դեմ հարձակումը տեղի է ունենում Մոսկվայի ջանքերով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի ընդունումից ընդամենը ժամեր անց, երբ Ռուսաստանին փաստացի հաջողվել էր «պարտադրել» իր քաղաքական հակառակորդներին՝ հաշտվելու Բաշար ալ-Ասադի հետագա գործունեության անհրաժեշտության հանգամանքը: Ավելին, սպանությունն իրականացվում է Սիրիայի սրտում՝ մայրաքաղաք Դամասկոսում, ինչը կրկնակի վիրավորանք է, նախ՝ Ռուսաստանի, ապա նաև՝ սիրիական իշխանությունների համար, իսկ ռուսական ՀՕՊ համակարգերը չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել Իսրայելի ագրեսիվ գործողությունները:

 


Հետևաբար, եթե Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը գնահատվեց՝ որպես «հարված թիկունքից», ապա իսրայելական գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ «ապտակ Ռուսաստանին»:

 

Արմեն Պետրոսյան