Օրերս Կենտրոնական դրամատան խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջնելու է 1 տոկոսային կետով և դառնա 8,75 տոկոս: Հատկանշական է, որ սա արդեն այս տարվա երրորդ իջեցումն է այն դեպքում, երբ տարվա առաջին կեսին, ընդհուպ մինչեւ օգոստոս ամիսը, վերաֆինանսավորման տոկսադրույքը պահպանվում էր 10,5 տոկոսի վրա:
Հարկ է նշել, որ հենց այս գործիքով ԿԲ-ն անցած տարվա տարեվերջին կտրուկ միջոցների դիմեց: Անցյալ տարվա դեկտեմբերյան գնաճը, այսինքն նաև դրամի կտրուկ արժեզրկումը զսպելու նպատակով, ԿԲ-ն ստիպված եղավ թանկացնել փողը' վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոսից բարձրացվեց 1,75 տոկոսով, սահմանելով 8,5 տոկոս: Իսկ արդեն այս տարվա հունվարին այն ևս 1 տոկոսային կետով բարձրացվեց, ապա ևս 1 տոկոսային կետով փետրվարին' հասնելով 10,5 տոկոսի:

 


Կենտրոնական բանկի վերը նշված գործողությունները, ինչպես նաև մեր տնտեսության, հատկապես գյուղատնտեսության մեջ արձանագրված դրական տեղաշարժերը թույլ տվեցին զսպել գնաճի տեմպը: Տարվա ընթացքում այն աստիճանաբար նվազեց' ցած իջնելով անգամ ԿԲ սահմանած թույլատրելի' 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքից: Ելնելով դրանից, արդեն օգոստոսին ԿԲ-ն փոքր-ինչ' 0,25 տոկոսով իջեցրեց վերաֆիանսավորման տոկոսադրույքը: Չնայած դրան գնաճի տեմպը շարունակում էր նվազել: Այս տարվա նոյեմբերին արդեն արձանագրվել էր 0,6 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1,3 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակելով նվազել, ամսվա վերջին կազմել էր 1,2 տոկոս: Դրան արձագանքելով, ԿԲ-ն, նոյեմբերին, արդեն 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման տոկսադրույքը

 


ԿԲ գնահատմամբ, արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները, այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին:
Ստացվում է, որ մեր ներքին գների վրա կփոխանցվի արտաքին գնանկումային ազդեցությունը:

 

Արմեն Վարդանյան