ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀՀ ԸՆՏՐԱՆՈՒ ՊԱՏՎԻՐԱԿԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՌՉԱԿՎԵՑ
Ազատ ոճի ՀՀ ընտրանու նորեկ, գերծանր՝ 125 կգ քաշային կարգի 25-ամյա ըմբիշ Լևան Բերիանիձեն, ով այս ոճի ՀՀ հավաքականի ըմբիշներից առայժմ միակն է, որ 2016 թ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել, դեկտեմբերի 8-27-ը մասնակցում էր ըմբշամարտի համար գերբարձր՝ 2,25 մլն դոլար մրցանակային հիմնադրամով ազատ ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի Հնդկաստանի՝ Pro Wrestling League-ի 1-ին առաջնությանը:

 


Վրաստանի ընտրանու կազմում տղամարդկանց աշխարհի 2010 թ առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած այս ըմբիշը այս տարի ընդունեց ՀՀ քաղաքացիություն և միջազգային ասպարեզում արդեն պաշտպանում է ՀՀ մարզական պատիվը:
Լևանի նորամուտը ՀՀ հավաքականի կազմում բավական հաջող ստացվեց: Նա հունիսին մասնակցեց Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի մարզական 1-ին խաղերին, որի ըմբշամարտի մրցաշարը նաև Եվրոպայի առաջնության կարգավիճակ ուներ ու կարողացավ 5-րդ տեղը գրավել: Իսկ սեպտեմբերին հանդես եկավ Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացած աշխարհի առաջնությանը, ու ծանրակշիռ և արժեքավոր մի քանի հաղթանակների շնորհիվ 5-րդ տեղը գրավեց՝ նվաճելով 2016 թ օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հնդկաստանի ակումբային թիմերի առաջնությունն իր արտասավոր մրցակարգով ու գերբարձր մրցանակային հիմադրամով գերազանցեց Գերմանիայի և Իրանի համանման ստուգատեսներին, որոնք աշխարհում մեծ ճանաչում ունեն և մեծ հեղինակություն են վայելում մարզաձևի երկրպագուների շրջանում: Հնդկաստանի 6 քաղաքները՝ Դելիի , Փենջաբի, Բանգալորի, Ուտտար Պրադեշի, Մումբայի և Հարյանայի թիմերի ըմբիշները ընտրվեցին անսովոր ձևով … աճուրդով: Դրան մասնակցեցին 23 երկրի 160 մարզիկներ, որոնցից ընտրվեցին … 54-ը , այդ թվում 30 հնդիկ, 20 օտարերկրացի: Ընտրվածներից 20-ը օլիմպիական խաղերի մրցանակակակիրներ են:

 


Ի դեպ՝ աճուրդին ՀՀ ներկայացում էին Գարիկ Բարսեղյանն (57 կգ) և Լևան Բերիանձիեն (125 կգ), որոնց նախնական արժեքները համապատասխանաբար 13 հազար և 17 հազար դոլար էր կազմում: Նշենք, որ աճուրդում առավել մեծ պահանջարկ ունեցան Ուկրաինայի մարզուհիներն ու Վրաստանի ըմբիշները: Ամենաարժեքավորը 2015 թ աշխարհի չեմպիոնուհի, ուկրաինուհի Օքսաննա Հերխելն է՝ 62500 դոլար, երկրորդը՝ բելառուս Վասիլիսա Մարզալյուկը՝ 61 հազար դոլար: Տղամարդկանցից առավել մեծ գումարով <գնվեցին>՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր դարձած ըմբիշներ՝ Յոգեշվար Դատթը (60 հազար դոլար) և Սուշիլ Կումարը (58 հազար դոլար), ինչպես նաև աշխարհի չեմպիոն, վրացի ըմբիշ Վլադիմիր Խինչեգաշվիլին (53500 դոլար): Իսկ ահա գնորդ չգտնվեց ՌԴ-ն ներկայացնող միակ ըմբիշի՝ աշխարհի չեմպիոն, դաղստանցի Մագոմեդռասուլ Հաջիմագոմեդովին, որի մեկնարկային արժեքը աճուրդում 50 հազար դոլար էր, ինչպես նաև դաղստանցի երկու լեգիոնականներին՝ 2013 թ աշխարհի առաջնության մրցանակակիրներ՝ Ռաշիդ Ղուրբանովին (Ուզբեկստան) և Ալի Շաբանովին (Բելառուս), որոնց աճուրդի նախնական արժեքներ էր համապատասխանաբար՝ 30300 և 19500 դոլար:
Աճուրդին ներկայացված մեր ըմբիշներից Մումբայ քաղաքի <Ռեվանտա> ակումբը 34 հազար դոլարով <գնեց> Լևան Բերիանիձեին: Այս աճուդի գումարների նշումը կարևոր է այնքանով, որ ինչպես ստուգատեսի կազմակերպիչներն են նշում են, առաջնության մասնակիցներին բաժին է հասնելու աճուրդում նրանց գնման արժեքին համապատասխան պարգևավճար: Յուրաքանչյուր թիմում ըստ մրցակարգի ընդգրկված է 9 մարզիկ՝ 5 հնդիկ, 4՝ օտարերկրացի (2-ական տղամարդ և կին ըմբիշ): Հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմ պարտավոր է ներկայացնել՝ 5 ըմբիշի (57, 65, 74, 97 և 125 կգ) և 4 մարզուհու (48, 53, 58 և 69 կգ):

 


Մումբայ քաղաքի <Ռեվանտա> թիմն անցկացրած իր բոլոր 7 հանդիպումներում էլ հաղթանակներ տոնեց ու հռչակվեց Հնդկաստանի Pro Wrestling League-ի անդրանիկ առաջնության չեմպիոն:
Այդ հաղթանակներում մեծ ներդրում ունեցավ ու չեմպիոն դարձավ նաև ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ընտրանու անդամ Լևան Բերիանձեն, ով իր հաջող մրցելույթներով նպաստեց <Ռեվանտայի> թիմային հաղթանակներին:
Դեկտեմբերի 10-ին Բերիանիձեի թիմը 5:2 հաշվով պարտության մատնեց Փենջաբի <Ռոյալսին>: Այդ մրցամարտում ՀՀ ընտրանու ներկայացուցիչը 2:1 հաշվով առավելության հասավ Չուլունբաթ Ջարգալսայխանի նկատմամբ: Դեկտեմբերի 14-ին իր 2-րդ հանդիպումն անցկացրած Մումբայի <Ռեվանտասը> նույն ՝5:2 հաշվով հաղթեց Բանգալուրուի <Յոդհասին>: Բերիանիձեն այս անգամ էլ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց իր հայրենակից՝ Դավիթ Մոձմանաշվիլու նկատմամբ:
Դեկտեմբերի 17-ին, իր երրորդ հանդիպման ժամանակ, Բերիանիձեի թիմը կրկին բացահայտ առավելությամբ՝ 5:2 հաշվով, պարտության մատնեց Ուտտար Պրադեշի <Վարյորսին>: Այս հանդիպմանը Բերիանիձեն չմասնակցեց: Ըստ մրցաշարի մրցակարգի մրցամարտից առաջ յուրաքաչյուր թիմ իրավունք ունի մեկ քաշային կարգում <արգելափակելու> իր ըմբիշի ելույթը ու այդ գոտեմարտի համար կողմերին միավոր չէր տրվում:

 


Հաջորդ երկու հանդիպումներում Բերիանիձեի թիմը շարունակեց իր հաղթարշավն ու համապատասխանաբար հաղթանակներ տոնեց Դելիի <Մանգալայաթան համալսարանի> (5:2) և Հարյանա <Համմերսի> (4:3) նկատմամբ ու նախնական փուլում գրավեց 1-ին տեղ: Մումբայ քաղաքի <Ռեվանտա> ակումբի թիմը իրավունք ստացավ Պենջաբի <Ռոյալսի>, Հարյանա <Համմերսի> և Բանգալուրուի <Յոդհասի> հետ հանդես գալու կիսաեզրափակչում:
Նախնական փուլի այս վերջին երկու հանդիպումներին ,ապա նաև կիսաեզրափակչի ու եզրափակչի հանդիպումներին Լևան Բերիանիձեին փոխարինեց նրա հայրենակից ու հասակակից վրացի ըմբիշ , 125կգ քաշային Գեորգի Սաքանդելիձեն, ով անցկացրած բոլոր 4 հանդիպումներում հաղթեց իր մրցակիցներին ու նույնպես զգալի ավանդ ունեցավ Մումբայի <Ռեվանտայի> չեմպիոնական նվաճման մեջ:

 


Կիսաեզրափակչում Մումբայի <Ռեվանտան> այս մրցաշարում երկրորդ անգամ հանդիպեց <Յոդհասին> ու կրկին հաղթեց նույն 5:2 հաշվով, և իրավունք ստացավ երզփակչում վիճակելու չեմպոինի կոչումը: Կիսաեզրափակչի մյուս զույգի մրցավեճում Հարյանա <Համմերսը> 4:3 հաշվով պարտության մատեց Պենջաբի <Ռոյալսին>:
Եզրափակչում հասած Մումբայի <Ռեվանտայի>և Հարյանա <Համմերսի> վճռորոշ մրցավեճին մրցակից թիմերը մասնակցեցին արդեն ամբողջական կազմերով ՝ 9-ական ըմբիշներով ու այստեղ էլ հերթական համոզիչ հանղթանակը ՝7:2 հաշվով տարած ՀՀ ազգային հավաքականի անդամ Լևան Բերիանիձեի թիմը արժանանցավ Հնդկաստանի չեմպիոնի տիտղոսին:


Արամ Ուգուջյան