Հայկական կոնյակի բարձրագույն պարգևները 20-րդ դարասկզբին... Ներկայացվող պատկերում' 1912 թ. «Շուստով և որդիներ» ընկերության Երևանի կոնյակի գործարանի գրությունների համար նախատեսված աշխատանքային բլանկն է, որտեղ նշված են 1900-1910 թվականներին գործարանի արտադրանքի միջազգային մրցույթներում ստացված բարձրագույն պարգևները: Ընդհանուր առմամբ այդ ժամանակահատվածում հայկական կոնյակը ստացել է 10 բարձրագույն «Գրան-Պրի» մրցանակ միջազգային մրցույթներում, որոնք անց են կացվել հետևյալ եվրոպական քաղաքներում' Փարիզ (3 անգամ), Լոնդոն (2 անգամ), Գլազգո, Տուրին, Լյեժ, Միլան, Նեապոլ:
Երևանում կոնյակի արտադրությունը հիմնում է 1887 թվականին Ներսես Թաիրյանը: Հայկական կոնյակի յուրահատուկ բուրմունքն ու համային հատկանիշները շատ արագ մեծ համբավ են ձեռք բերում Ռուսական կայսրության ողջ տարածքում' դառնալով այդ բնագավառի թիվ 1 արտադրանքը: 1899 թ. Թաիրյանի գործարանը ձեռք բերեց «Շուստով և որդիներ» ընկերությունը, իսկ կոնյակի արտադրության գլխավոր տեխնոլոգ դարձավ Մկրտիչ Մուսինյանը, և կարճ ժամկետներում Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը հասավ արդեն եվրոպական բարձր չափանիշների մակարդակի: Նշենք նաև, որ ներկայացվող բլանկի վրա գրված է' «Կայսերական արքունիքի մատակարարներ 1912 թվականից»:
Ռուբեն Շուխյան