Հովհաննես Քաջազնունի. «Մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք»... 20-րդ դարասկզբին մեր կողմից միայն մեկ ուղղվածությամբ տարվող «դաշնակցային պարտավորությունները» մեծ աղետների պատճառ դարձան մեզ համար և ի վերջո 1920 թվականի աշնանը հանգեցրին Հայաստանի անկախության կորստյանը: Այն ժամանակ Հայաստանը հայտնվել էր բոլորի կողմից լքված ու միայնակ վիճակում. առանց ոչ մի «դաշնակցի», առանց ոչ մի երաշխիքների, չորս կողմից շրջապատված թշնամական երկրներով՝ Հայաստանն ուղղակի մնաց մամլիչի տակ' թուրքական սալի և ռուսական զնդանի արանքում:
Ինչո՞ւ դա եղավ: Այդ մասին ուշագրավ դիտարկումներ ունի Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1923-ին գրված իր զեկուցագրում: Հայաստանի Հանրապետության անկումը, ըստ Քաջազնունու, առաջին հերթին պատճառ էր Հայաստանի կառավարության սխալ և անհեռատես արտաքին քաղաքականության: Քաջազնունին նշում է, որ այդ ծանրագույն պահին անհրաժեշտ էր սթափ և իրատեսական գնահատել ստեղծված ճակատագրական իրավիճակը ու փորձել ելքեր փնտրել՝ գուցե նաև բանակցելով հարևանների հետ՝ ամեն գնով պատերազմից խուսափելու համար:
Քաջազնունին մասնավորապես գրում է. «Չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ: Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ հայ-թուրքական պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա է, որ չենք արել:
Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա: Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում: Հակառակը, մեր կողմից Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս էինք որոնում ու ցանկանում պատերազմ:
Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր՝ գուցե անհավանական, բայց ոչ անկարելի: Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու, բայց այդ փորձը չարինք»:
Ռուբեն Շուխյան