Վեցնյակի ու Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կայացումը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նախադրյալներ են ստեղծել, որպեսզի Իրանն ինտեգրվի համաշխարհային տնտեսությանը:
Համաշխարհային տնտեսությանը Իրանի ինտեգրումը հնարավորություններ է բացում նաև Հայաստանի համար ինչպես երկկողմ ֆորմատով Իրանի հետ ամբողջ ծավալով գործակցելու, այնպես էլ ԵՏՄ-ի շրջանակներում Իրանի հետ գործընկերայի միջավայր ձևավորելու տեսանկյունից: Հայաստանը կարող է Իրանի և ԵՏՄ-ի մյուս երկրների միջև ցամաքային կամուրջի դեր կատարել, քանի որ Հայաստանը միակ երկիրն է ԵՏՄ-ի անդամներից, որն անմիջական ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ:
ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը մոտակա ժամանակահատվածի խնդիր է, քանի որ արդեն իսկ մեկնարկել են ԵՏՄ երկրների և Իրանի միջև աշխատանքները ազատ առևտրի գոտու շուրջ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի' առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմաթզադեն Թեհրանում դեկտեմբերի 23-ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել են. «ԵՏՄ երկրներն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հեռանկարների համատեղ ուսումնասիրություն են սկսում Իրանի հետ»:
ԵՏՄ-ի կողմից Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը և տնտեսական հարաբերությւոնների աշխուժացումը հավելյալ նախադրյալներ կստեղծի նաև Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի ուղղությամբ տրանսպորտային միջանցքների ստեղծման և «Հյուսիս-Հարավ» եվրասիական տրանսպորտային տարածքի ձևավորման համար:
Ամփոփելով նշենք, որ Իրանի հետ ազատ առևտի գոտու ստեղծման հարցում ԵՏՄ-ն մեծ աշխատանք ունի անելու և այս հարցում մտադիր է օգտագործել Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փորձը:
Նարեկ Պողոսյան