Իսլամական Պետության ֆենոմենն իսկապես աննախադեպ մի իրավիճակ է ստեղծել աշխարհաքաղաքական գործընթացներն առանց կոնվենցիոնալ պատերազմների ուղղորդելու համար անհրաժեշտ պայմանները ստեղծելու տեսանկյունից: Կարելի է ասել, որ այդ անհասկանալի կրոնապետական կազմավորման առկայությունը պատճառ դարձավ դրա դեմ պայքարող երեք միջազգային կոալիցիաների ստեղծման համար, որոնցից երկուսը՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող համապատասխանաբար՝ Արևմտյան և իսլամական պետությունների հակաԻԼԻՊական դաշինքներն իրենց կազմում ներառում են ՄԱԿ-ի անդամների ցանկում ներառված պետությունների գրեթե կեսը: Երրորդ կոալիցիան բաղկացած է երեք գործուն անդամներից՝ դրանք են Ռուսաստանը, Իրանը և սիրիական գործող պաշտոնական իշխանությունը:

 

Մեծ հաշվով, եթե Արևմտյան կոալիցիայի մեջ Ռուսաստանի բացակայությունն ընդգծում է սիրիական հարցում ռուսական և արևմտյան մոտեցումների միջև հակասությունների առկայությունը, ապա Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ և Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ ձևավորված իսլամական պետությունների հակաԻԼԻՊական դաշինքը կոչված է ընդգծել, որ իսլամական աշխարհի երկրների մի ստվար մասի համար անընդունելի է Իրանի ակտիվ մասնակցությունը սիրիական քաղաքացիական պատերազմին հօգուտ նախագահ Ասադի: Բազմանդամ հակաԻԼԻՊական դաշինքների ստեղծումն, անշուշտ, առավելապես քաղաքական-քարոզչական նպատակներ հետապնդող նախաձեռնություններ են, քանի որ տարածաշրջանային զարգացումների հետ կապված արմատական շահեր ունեցող դերակատարներն առանց այդ էլ ակտիվորեն ներքաշված են տարաբնույթ ռազմական, քաղաքական ու լրտեսա-դիվերսիոն գործողությունների մեջ, ընդ որում՝ Ռուսաստանը և Իրանն, ըստ էության, պայքարում են հին Սիրիայի պահպանման համար, իսկ մնացյալների քայլերն ուղղված են Ասադի վարչակազմի վերացմանն ու ողջ տարածաշրջանում ուժերի նոր հարաբերակցության ստեղծմանը: Այս համատեքստում շատ ուշագրավ է այն, որ, ըստ տարածվող լուրերի, օրերս տեղի է ունեցել թուրք-իսրայելական սկզբունքային հաշտեցումը և, համարյա միաժամանակ, հայտարարվել է այն մասին, որ Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հրահանգել է սկսել այդ իրաքան ինքնավար շրջանի անկախության հանրաքվեի նախապատրաստման աշխատանքները:

 

Իրաքի տարածքային ամբողջականության հաշվին քրդական անկախ պետության ստեղծումը, հավանաբար, կքաջալերվի նաև Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից և կարող է իրականություն դառնալ այն պայմանով, որ իրաքյան քրդերի առաջնորդները կդաշնակցեն պաշտոնական Անկարայի հետ ընդդեմ Թուրքիայի քրդերի անկախական նկրտումների իրականացման: Բայց դա կլինի սկսվող նոր մեծ խաղի ընդամենը դրվագներից մեկը:

 

Արման Մելիքյան