Ադրբեջանի Հանրապետության երեք վարչապետերից՝ երկուսին գնդակահարել են հայ վրիժառուները... «Նեմեսիս» գործողության շրջանակներում հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին նաև Ադրբեջանի առաջին Հարապետության այն ղեկավարներին, որոնք 1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի դեմ իրականացված զանգվածային սպանությունների անմիջական պատասխանատուներն էին: Քիչ հայտնի փաստ է, որ մահապատժի ենթարկվածներից երկուսը եղել են 1918-1920 թթ. Ադրբեջանի վարչապետեր, իսկ այդ տարիներին Ադրբեջանում պաշտոնավարել են երեք վարչապետեր: Ահա այդ գործողությունների ժամանակագրությունը (նկարում հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներ Միսակ Թոռլակյանն (ձախից) ու Արամ Երկանյանն են).

 

1920-ի մայիսի 31-ին Բաքվից ոչ հեռու՝ Քյուրդամիրում, հայ վրիժառուների կողմից իրականացրած դարանակալման արդյունքում իր երկու թիկնապահների հետ գնդակահարվեց Նասիբ Յուսիֆբեյլին (Ուսուբեկով)՝ 1918-ին Ադրբեջանի կրթության ու կրոնական հարցերով նախարարը, իսկ 1919-1920 թթ. Ադրբեջանի վարչապետն ու ներքին գործերի նախարարը: Գործողությունն իրականացրած հայ վրիժառուների անուններն այդպես էլ անհայտ են մնացել:

 

1920-ի հունիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի 1918-1919 թթ. վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն, ինչպես նաև վիրավորել 1918 թ. Ադրբեջանի արդարադատության նախարար, հետագայում ներքին գործերի նախարար Խալիլ Խաս Մահմադովին, որը դարձավ անդամալույծ։ Արամ Երկանյանի գործակիցն է եղել Միսակ Կիրակոսյանը։

 

1920-ի հուլիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Հասան Բեկ Ագաևին, որը Բաքվի և Շուշիի հայկական ջարդերի հիմնական պատասխանատուներից էր։

 

1921-ի հուլիսի 18-ին Կ.Պոլսում Միսակ Թոռլակյանը գնդակահարել է 1918 թ. Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին, որն ի դեպ 1921-ին արդեն Ադրբեջանական ԽՍՀ ներկայացուցիչն էր Կ.Պոլսում։ Թոռլակյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական ռազմական դատարանը արդարացրել է Միսակ Թոռլակյանին:

 

Ռուբեն Շուխյան