Պետք է անկեղծ լինել և խոստովանել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Բեռնի հանդիպումից մեծ ակնկալիքներ ոչ մեկը չուներ: Եվ դրա համար հիմքեր կային: Ադրբեջանի արդեն բազաթիվ տարիներ շարունակվող ապակառուցողական դիրքորոշումը, նրա ռազմաքաղաքական ղեկավարության հայատյաց հռետորաբանությունը և ի վերջո հանդիպումին նախորդող շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծում ստեղծած լարվածությունը թույլ էին տալիս կարծելու, որ բանակցություններում որևէ առաջընթաց չի գրանցվի և նույնիսկ ասեմ ավելին, ինչպես հանդիպման ավարտից հետո հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում հստակ կերպով նշեց ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը, հանդիպման օրակարգը թելադրված էր Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների հետևանքով առաջացած իրավիճակի սրմամբ:

 


Ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մտքերից էլ պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքում շոշափվող հարցը, դա ներկայիս սահմանային լարվածությունն է, որն ըստ նախարար Նալբանդյանի Ադբեջանը ցանկանում է իր համար բանակցությունների գործիք դարձնել, այնինչ դա ցույց է տալիս հենց նրա թուլությունը և ինչպես ցույց է տվել ժամանակը նման գործողությունները միայն ետ են գցել կոնֆլիկտի լուծման բոլոր հնարավորությունները: Այս պայմաններում մնում է մտածել, թե ի՞նչ է տալիս Ադրբեջանին նրա այս վարքը: Իրականում ոչինչ, եթե ինչ որ մեկը նստել է բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության հասնելու համար, ապա ինչու է այդ հանդիպումից առաջ լարում իրավիճակը: Նշանակում է նրան բանակցություններում առաջընթաց պետք չէ: Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը տարիներ առաջ պարտավորություն ստանձնել նստելու բանակցությունների սեղանին և հիմա էլ լկտիաբար խոսք է հնչեցնում, թե կողմ է խաղաղ կարգավորմանը:

 


Սա հիշեցնում է մանկան պահվածք, երբ երեխան գնալով ուրիշի բակ, մեծերի ներկայությամբ իրեն պահում է շատ խելոք, իսկ գնալով իրենց բակը հաթաթա է տալիս, թե դե տեսեք ինչ եմ անելու ձեզ: Նույնն էլ Ալիևն է. գալիս է Բեռն միջնորդների ներկայությամբ ասում է, որ կողմ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, իսկ գնալով Բաքու' դառնում է «լավ» տղա ու սկսում վերամբարձ հռետորաբանությունը:
Է. Նալբանդյանի խոսքից նաև կարելի է հասկանալ, որ բանակցություններին այլընտրանք այսօր չկա և խաղաղության կարելի է հասնել միայն դրա շնորհիվ, սակայն այսօրվա անշարժ դիրքից դրանք չեն շարժվում հենց Ադրբեջանի պատճառով և դա ակներև է արդեն նաև համանախագահների համար, քանզի Ադրբեջանի մոտեցումները չեն համապատասխանում ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանախագահողների մոտեցումներին:

 

Նախ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի, խուսափում է համանախագահ երկրների ղեկավարների արած հինգ հայտնի հայտարարություններից, ընդհանուր հայտարարի չի գալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում, իսկ վերջին շրջանում համանախագահների հասցեական կոչերը նունիսկ, ոչինչ չեն նշանակում Ադրբեջանի համար:

 


Սա նշանակում է մի բան. Ադրբեջանը թքած ունի և՛ Մինսկի խմբի ձևաչափի, և՛ նրա համանախագահների հայտարարությունների, և՛ միջազգային հանրության վրա: Սրա վառ արտացոլումը եղավ երկու շաբաթ առաջ Բելգրադում Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած' ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման անթույլատրելիության մասին կոչին հաջորդող Ադրբեջանի սանձարձակ պահվածքը սահմանին, որը իրավամբ ապտակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Հ.Գ. Հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար պետք է համադրել երկու կողմից հնչեցված մտքերը: Սակայն, եթե ՀՀ արձագանքը եղավ ի դեմս արտգործնախարարի, ապա Ադրբեջանը այս հարցում ևս խուսափողական դիրք է գրավել:

 

 

Հայոց Տուն