Օրերս, երբ Ռուսաստանը որոշեց սահմանափակումներ կիրառել թուրքական ապրանքների ներմուծման վրա, մեծացել են ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման և իրացման հնարավորությունները։
Գործադիրում արդեն իսկ քննարկվում են արտահանողներին օժանդակելու պետական աջակցության մեխանիզմները։

 


Այդ նպատակով նախորդ երկու շաբաթվա ընթացքում վարչապետի մոտ տեղի ունեցան քննարկումներ, որոնց ժամանակ գործադիրը պատրաստակամություն հայտնեց աջակցել արտահանման խթանմանն ուղղված ցանկացած ողջամիտ նախաձեռնության։
Ակներև է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից, կարող են փոխել իրավիճակը։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով արգելվեց թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան։ Խոսքը մասնավորապես սառեցված մսամթերքի, թռչնամսի, աղացած և ծխեցված մսի, կաթի և կաթնամթերքի, ձկնեղենի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի և կանաչեղենի մասին է։

 


Այս ոլորտներից ոչ բոլորում, բայց գյուղատնտեսական մթերքների՝ առաջին հերթին մսամթերքի առանձին տեսակների և պտուղ-բանջարեղենի ոլորտում միանշանակ մեր գործարարները կարող են մեծացնել իրենց արտահանման ծավալները։
Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացումը մեծացնում է հայկական ապրանքների իրացման ծավալների ավելացման հնարավորությունները։ Հատկապես որ, դրա համար պայմաններն այս տարի բավական բարենպաստ էին՝ կապված գյուղմթերքների արտադրության ծավալների աճի հետ։ Սակայն նման հնարավորություններ էլի են եղել և մնացել են անարձագանք մեր գործարարների կողմից: Այս անգամ պետք է չհապաղել:

 

 

Անի Սանոսյան