Այսօր կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրին:
Դրա նպատակն է ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի հեռանկարային զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

 


Ծրագրում ներկայացվել են ոլորտի զարգացման մի շարք սցենարներ, որոնք ամփոփվել են վերջնական հղումային և մի քանի այլընտրանքային սցենարներում: Հղումային սցենարի դեպքում ընդհանուր էներգահամակարգի ծախսերը կազմել են 44,555 մլն ԱՄՆ դոլար, որն իր մեջ ներառում է ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ բոլոր սպառման ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, գյուղատնտեսություն, բնակչություն, սպասարկում) օգտագործած բոլոր տիպի էներգակիրների (բնական և հեղուկ գազ, դիզելային վառելիք, բենզին, կերոսին, էլեկտրաէներգիա և այլն) և դրանք օգտագործող տեխնոլոգիաների ամբողջական ծախսերը:

 


Ծրագրի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը:

 


Դժվար է թերագնահատել այս փաստաթղթի կարևորությունը երկրի տնտեսական անկախության և անվտանգության տեսանկյունից: Վարչապետի գնահատմամբ, էներգետիկ համակարգը հանդիսանում է տնտեսության ողնաշարը: Այս ծրագիրը 2014 և 2015 թվականներին լայնորեն քննարկվել է ՀՀ կառավարությունում և Հանրային Խորհրդում, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես նաև ներկայացվել է հանրությանը՝ հանրային լսումների միջոցով:

 

 

Անի Սանոսյան