2015 թվականը հենց տարեսկզբից լի էր բացասական երևույթներով թե՛ տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում: Սա, բնականաբար, չէր կարող իր հետևանքը չունենալ նաև մեր տնտեսության վրա:
Այս տարին արդեն ավարտվում է, բայց դեռևս շարունակվող աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացներն այնպիսին են, որ չի կարելի սպասել, որ ամեն ինչ հրաշալի է լինելու 2016 թվականին: Ակներև է' պետք է գալիք տարվան սպասել լավ պատրաստված և բոլոր առումներով սթափ հաշվարկներ իրականացրած:
Այս առումով շատ կարևոր է պետական բյուջեի նախագիծը, որն, ի դեպ, այսօր ԱԺ-ում ընդունվեց բավականին մեծ թվով կողմ ձայներով. կողմ' 97, դեմ' 12, ձեռնպահ' 3:
Ուշագրավ է նման մեծ թվով կողմ ձայների փաստը: Սա, թերևս, արդյունք է այն բանի, որ բյուջեն իրատեսական է: Գլոբալ զարգացումների նման պարագայում անլուրջ կլիներ, բյուջեն կազմել ներկայիս իրավիճակին և հնարավոր իրողություններին չհամպատասխանող ցուցանիշներով: Բնականաբար առավել ցանկալի կլիներ, որ նախագծում ներկայացված լինեին աճի տեմպերի բարձր ցուցանիշներ, սակայն պետք չէ կորցնել իրականության զգացողությունը:
Նարեկ Սարգսյան