Հանրային ռադիոյի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ,

 

1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ:

 

Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ:

 

Շուրջ 19 տարի մենք ապրել ենք նաև ընտանիքի պես: Կարեկցել ու սատարել ենք միմյանց դժվարին պահերին, ուրախացել ու հրճվել ենք մեր զավակների, հարազատների, ընտանիքի անդամների հաջողություններով: Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում:

 

Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն' մի փոքր այլ ձևաչափի մեջ:

 

Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերևս չեմ հասցրել ասել Ձեզ:

 

Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը և կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար:

 

Շնորհակալություն Ձեր մարդկային բարի և գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության և նվիրումի համար:

 

Համոզված եմ, որ այսուհետև ևս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին' նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում և շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում:

 

Շնորհակալությամբ'
Ընդմիշտ Ձեր
Արմեն Ամիրյան»: