Դատելով ռուսաստանյան ԶԼՄ-ների հակաթուրքական քարոզարշավի շեշտադրումների բյուրեղացումից և Վ. Պուտինի ելույթից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ըստ էության տեղայնացնել կամ սահմանափակել իր թիրախպավորումը հիմնականում միայն Ռ. Թ. էրդողանի և Թուրքիայում ներկայում իշխող կուսակցության շրջանակներով՝ փորձ կատարելով գործընկերներ կամ դաշնակիցներ գտնել ոչ միայն ի դեմս ըստինքյան հակաթուրքական ուժերի (քրդեր, Հայաստան, Հունաստան և այլն), այլ հենց թուրքական քաղաքական դաշտում գործող հակաէրդողականակ վերնախավերի:

 


Վերջինների թվում կարծես թե առաջնայնությունը տրվում է քեմալականներին և թուրք բարձրաստիճան զինվորականությանը, որոնց հետ էլ, ըստ ռուսական քաղաքականությունը ծրագրավորորղների, հավանաբար պետք է կառուցվեն և զարգացվեն նոր տիպի հարաբերություններ՝ ի հեճուկս Թուրքիայի այժմյան իշխող վարչակարգի:
Ակնհայտ է, որ նման ծրագրավորումը միգուցե և կարճաժամկետ հեռանկարում հնարավորություն ընձեռի ինչ-որ հաջողությունների հասնելու կամ, ավելի ճիշտ, որոշակի անախորժություններ ստեղծելու Ռ. Թ. Էրդողանի և վերջինիս քաղաքական ուղեգծի համար, բայց նման մոտեցումն ըստ էության չի կարող լուծել ռուս-թուրքական աշխարհաքաղաքական մրցակցության կամ, եթե իրերն իրենց անունով կոչելու լինենք, թշնամանքի գորդյան հանգույցը:

 


Կարծում եմ, դժվար չէ կանխատեսել, որ նույնիսկ վերոնշյալ քաղաքականության հաջողությամբ պսակվելու դեպքում հյուսիսային գերտերությունը կրկնելու է մոտավորապես բոլշևիկյան Ռուսաստանի՝ քեմալականների հետ համագործակցության դառը փորձը՝ ի վերջո հենց ռուսական առածի իմաստնությամբ՝ «երկրորդ անգամ կոխ տալով միևնույն փոցխը» և արդյունքում կրկին ունենալով հակառուսական Թուրքիա:
Այս համատեքստում որոշումներ ծրագրավորող և դրանք իրագործող ռուսական քաղաքական վերնախավը որքան արագ գիտակցի, որ թուրքական համայնապատկերում ուղղակի չկա և չի կարող լինել ոչ ռուսատյաց ուժ, այնքան ավելի արագ կազատվի անիմաստ պատրանքներից բխող մեկը մյուսին հաջորդող համակարգային սխալներից և կկարողանա իրոք սերտ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի իրական դաշնակիցների հետ:

 

Վարդան Ոսկանյան