Մտքերը, պատճառները, պարզաբանումները, արդարացումները, բացատրությունները որքան էլ ուզում է տրամաբանական, փաստարկված թվան, այնուամենայնիվ մեզ խաբում են ավելի հաճախ, քան թե մեր ներքին' նույնիսկ անորոշ և աղոտ զգացումները: Երբ կրկին ու կրկին համոզվում ես, որ նախազգացումներդ քեզ չեն խաբել…
Սարսափելի է, երբ նկատում ես, որ խաբված ես եղել, որ այլևս օտար ես ու անեությունն է բաժանում' անդունդի նման…Ցավագին թախիծն աստիճանաբար տանում է սառնության, չհանգուրժող անտարբերության…Երբ մտածում ես, որ այդ ամենը կփոխակերպվի մոռացությամբ և այլևս հուսալու ոչինչ չի լինի…Երբ դիմացինդ հանգիստ << desinit in piscem >> –ով է վերջացնում(1)…Հանգիստ խաղացնելով պոչը, իսկ նախկինում քեզ խաղացնելով մատերի վրա' հեռանում է…Ու մտերմությունը դառնում է լոկ անցյալի մեկընդմիշտ թաղված հիշողություններ, բայց այնուամենայնիվ քեզ համար թանկ ու հաճելի…
Դժվար է հասկանալ, թե ինչպես են կարողանում այդքան հեշտությամբ կործանել ու ոչնչացնել այն ինչ եղել է…Կամ գուցե չի եղե՞լ…Այլ խա՞ղ էր…Էլի ձկան պոչով…Թեթև, հանգիստ, ի միջայլոց' որպես սկսած խաղի ավարտ…
Հ.Գ. (1)- Ամեն ինչ ձկան պոչով է վերջանում(լատ.)
Ռոբերտ Մելքոնյան