Թուրք-սիրիական սահմանին ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող «Սու-24» ռազմական ինքնաթիռի՝ թուրքական օդուժի կողմից խոցման միջադեպն, անշուշտ, լուրջ հակասություններ է առաջացրել երկու երկրների՝ առանց այն էլ բավական խնդրահարույց հարաբերություններում: Որքան էլ մինչ այս կողմերը, մեկը մյուսին հերթ չտալով, թմկահարում էին երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակի, դրանց բարեկամական, փոխշահավետ բնույթի մասին, այնուամենայնիվ, հատկապես քաղաքական հարթության շրջանակներում առկա են բազմաթիվ պայթյունավտանգ հանգույցներ, որոնք, ինչպես արդի գործընթացներն են ցույց տալիս, ժամանակ առ ժամանակ տարբեր դրսևորումներով ու մասշտաբներով զգացնել են տալիս իրենց (սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի իրարամերժ մոտեցումները, Ղրիմի թաթարների հիմնահարցը, կողմերի միջև Կովկասում առկա մրցակցությունը և այլն):

 


Եթե փորձենք դիտրկել ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառներն, ու դրադապատճառներն, ապա դրանք կարելի է դասակարգել հետևյալ պայմանական հերթականությամբ՝

 

1. Ռուսական կողմի անզգուշությունը՝ հաշվի առնելով Սիրիայում ՌԴ կողմից իրականացվող գործողությունների հանդեպ Անկարայի, նաև նրա միջոցով ներկայացված ռազմական դաշինքի ոչ բարեկամական վերաբերմունքը այս հակամարտության շրջանակներում:

 

2. Ռուսաստանի գերագնահատված ինքնավստահությունն ու թերհաշվարկված վստահությունը Թուրքիայի և հատկապես այդ երկրում իշխող վարչակազմի հետ հարաբերություններում. այս համատեքտում, անշուշտ, կարևոր է նաև ընդգծել պատմությունից դասեր քաղել չկարողանալու հարցում Ռուսաստանի թերացումները:

 

3. Թուրքիայի կողմից բոլոր հնարավոր՝ հաճախ նաև ոչ իրավական և բավականաչափ վտանգավոր գործողությունների դիմելու ընդունակությունը՝ Սիրիայում սեփական շահերը պաշտպանելու նպատակով:

 

4. Սեփական նպատակներին հասնելու համար անգամ դաշնակիցների մոտեցումներին հակասող քայլերի իրականացումը թուրքական իշխանությունների կողմից («Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի հանդեպ ունեցած վերաբերմունքը, փախստականների հոսքը դեպի Եվրոպա Թուրքիայի կողմից որևէ կերպ չխոչընդոտելու քաղաքականությունը, Սիրիայում Արևմուտքի առանցքային դաշնակիցներից մեկին՝ քրդական կառույցներին պարբերաբար հասցվող հարվածները և այլն):
Այն իրողությունը, որ Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպն (անգամ երկրորդական կարևորությամբ՝ թե ում կողմից է խփվել) լրաջագույն հարված է Ռուսաստանի հեղինակությանն ամբողջ աշխարհում, կասկածից վեր է: Մինչդեռ Ռուսաստանի՝ սիրիական հակամարտությանը ռազմական միջմտությունից հետո նրա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից որդեգրված պատասխան գործողությունների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում հենց ռուսական կողմի թերացումները, բացթողումները հաջողությամբ «որսալու» և սխալները վեր հանելու քաղաքականությունն, ինչի վառ օրինակ է նաև քննվող միջադեպի թեման (իսկ Մոսկվան, անխոս, պետք է լրջագույնս հաշվարկած լիներ նման խնդիրների հավանականության հանգամանքը):

 


Ինչ վերաբերում է բուն միջադեպի առնչությամբ Ռուսաստանի հնարավոր պատասխաններին, ապա դրանք կարելի է դասակարգել ուղղակի և անուղղակի դրսևորումների տեսանկյունից:
Այս համատեքստում, միանգամից կարելի է բացառել կողմերի միջև ռազմական ուղղակի առճակատման հնարավորությունը: Դիմակայության ուղղակի դրսևորումների շարքում դարձյալ կարելի է թվել հնարավոր հակաքայլերը հետևյալ պայմանական դասակարգմամբ՝

 

1. Քաղաքական և տեղեկատվական հարթություններում հռետորաբանության կտրուկ սրացում:
2. Ռազմական ոլորտում երկկողմանի հարաբերությունների կասեցում,
3. Որոշ տնտեսական՝ հատկապես պետական ներգրավվածության ծրագրերի ժամանակավոր առկախում, ոչ պետական ներգրավվածության ոլորտներում (օրինակ՝ տուրիզմ, մանրամեծածախ առևտուր և այլն)՝ Թուրքիայի հետ հարբերվելուց ձեռնպահ մնալու կոչեր:
4. Մաքսային, իրավական ոլորտներում թուրքական կողմի հանդեպ վերաբերմունքի որոշակի խստացում:
5. Ռուսաստանի ներսում Թուրքիայի հեղինակությանը վնասող որոշ գործողությունների իրականացում (օրինակ՝ խորհրդարանում «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի» շրջանառում և այլն):
Հնարավոր անուղղակի առճակատման ոլորտներից կարելի է առանձնացնել հետևյալ ուղղությունները՝
1. Ռուսական օդատիեզերական ուժերի կողմից առավել ակտիվ
ռազմագործողությունների իրականացում Սիրիայի՝ հատկապես թուրքական շահերի գոտի հանդիսացող շրջաններում:
2. Սիրիայում Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերի դեմ հանդես եկող ոչ պաշտոնական խաղացողներին (քրդական կառույցներ, «Հիզբալլահ») աջակցելու, ինչպես նաև թուրքական ծրագրերը խափանելու մարտավարություն:
3. Նախորդ կետին բնորոշ քաղաքականություն Թուրքիայի հետաքրքրության շրջանակում գտվող նաև արտաքին այլ հիմնախնդիրներում(օրինակ՝ հատկապես Իրանին նոր տեսակի սպառազինությունների տրամադրում (С-300 տեսակի զենիթահրթիռային համակարգեր)):
Ինչևիցէ, որքան էլ լուրջ լինի ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը, հազիվ թե այն պատճառ դառնա ռուս-թուրքական լուրջ հակամարտության:

 

Այս վերջինը հնարավոր է միայն երկու երկրների կողմից թշնամական քայլերի շարունակականության պարագայում, ինչը գուցե առաջին հայացքից անհավանական է թվում, բայց լիովին բացառել ևս չի կարելի՝ հատկապես տարածաշրջանային ներկա զարգացումների անկանխատեսելիության ֆոնին:
Բացի այդ, մերօրյա աշխարհում առկա գերլարված իրավիճակը, մի շարք պայթյունավտանգ օջախների առկայությունը, ահաբեկչական վտանգի բավական բարձր մակարդակը թույլ են տալիս կանխատեսելու, որ շատ մոտ ապագայում կգրանցվեն նոր՝ իրենց նշանակությամբ ոչ պակաս կարևոր միջադեպեր, որոնք և՛ քարոզչական և՛ ռազմաքաղաքական առումով որոշակիորեն կստվերեն ինչպես այս, այնպես էլ՝ սրան նախորդած ոչ պակաս հնչեղ մի շարք հիմնախնդիրներ:

 

Արմեն Պետրոսյան