Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը վերջ դրեց Մոսկվայի բոլոր այն պատրանքներին, թե բացառապես տնտեսական համագործակցության հիման վրա Անկարայի հետ կարելի է կառուցել բարիդրացիական հարաբերություններ, որոնք որոշ վերլուծաբաններ, դեպքերից առաջ ընկնելով, նույնիսկ սկսել էին բնորոշել որպես «ռազմավարական»:
Այն, որ նման պատրանք կար երևում է, դիցուք, հենց Ռուսաստանի նախագահի հնչեցրած «մեջքից հարված» բնորոշումից, ինչից բխում է, որ այս երկիրն ամենևին չէր էլ ենթադրում, որ Թուրքիան մի քայլով կանցնի «վարունգի արտահանումից մինչև միջուկային էլեկտրակայանի շինարարություն» ընդգրկող հարաբերությունների ողջ համալիրի վրայով՝ հանդգնորեն մարտահրավեր նետելով ռուսական հզորության և նույնիսկ ինքնության ամենաանխախտ պատվարին՝ այդ երկրի զինված ուժերին:
Այս ամենի հետևանքով կասկած չկա, որ տարածաշրջանում ընթանալու են բոլորովին նոր վերադասավորություններ. Թուրքիայի հետ բացառապես տնտեսական «շահի» գերակայությամբ հարաբերություններ կառուցելու ռուսական քաղաքական վերնախավի մի հատվածի համակարգային վրիպումն ի վերջո հավանաբար գիտակցվելու է որպես կոպիտ ռազմավարական սխալ, ինչի արդյունքում նշանակալիորեն բարձրանալու է նաև Հայաստանի դերը և նշանակությունը, ոչ միայն որպես Ռուսաստանի դաշնակից, այլ նաև կարևորագույն դերակատար ռուս-իրանական ակնհայտորեն դրական ֆոնի վրա վերաձևակերպվող հարաբերությունների համատեքստում:
Վարդան Ոսկանյան