Ռուսական ինքնաթիռի խոցումից հավանաբար ամենից շատ կօգտվեն քրդերը: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ երկու գլոբալ մրցակիցների՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը համընկնում են մեկ կետում և դա«քրդական» հարցն է:
Հեռու չի այն օրը, երբ քրդերը պետություն կունենան և դա ոչ առանց ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ջանքերի: Ինքնաթիռի խոցման քայլով Թուրքիան միայն նպաստեց դրան: Քրդական պետությունը, որն ամենայն հավանականությամբ իր մեջ կներառի հյուսիսային և հս-արևելյան Սիրիայի մի մասը, հս. Իրաքը, վաղուց մշակված պրոեկտ է (չար լեզուները ասում են, թե դա «ամերիկյան պրոեկտ» է): Այստեղ հիմնական խնդիրը, սակայն, նրանում է, թե արդյոք կմտնեն Թուրքիայի քրդաբնակ տարածքները Քրդստանի մեջ, թե հնարավոր կլինի առանց նրանց գլուխ բերել գործը:

 


Հիպոթետիկ առումով թուրքական տարածքների ներառումը, իհարկե, հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից կամ հավաքական անվտանգության եվրատլանտյան համակարգը ինչ-որ խորքային փոփոխությունների գնա Անկարայի մասով: Սա անհրաժեշտ, սակայն միակ պայմանը չէ: Ռեգիոնալ մի շարք այլ գործընթացների՝ քրդերի համար շահեկան սցենարային զարգացումների դեպքում է, որ հնարավոր կլինի նման դինամիկան: Պետք է հասկանալ, որ այս ամենը վաղվա, կամ վաղը չէ մյուս օրվա հարցեր չեն, սակայն կարծես «процес уже запущен»:

 


Ռեգիոնում այսօր լրջագոյն քարտեզագրման գործընթացներ են մեկնարկել, որոնց մի մասը, կարծում ենք, անդառնալի կլինեն որոշ պետությունների քաղաքական ապագայի համար, իսկ այդ պետությունների ցանկում Սիրիան հավանաբար միակը չի լինի:

 

Ալեն Ղևոնդյան