Թուրքիան մտնում է վտանգավոր խաղի մեջ... Կարծում եմ, որ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը թուրքական կործանիչի կողմից, որքան էլ որ զարմանալի լինի' միանշանակ մտածված ու լավ մշակված գործողություն է Էրդողանի ազգայնական Թուրքիայի կողմից: Թուրքիայի հաշվարկը պարզ է' ամեն գնով ստեղծել մի նոր, ավելի լուրջ առճակատման դաշտ Ռուսաստանի և ՆԱՏՈ-ի միջև, պարզ ասած' վերջնականապես «կռվացնել» ռուսներին ու ամերիկացիներին: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիան ներկայումս այլ ելք չունի՝ քրդական անկախ պետության ստեղծման տեսլականը ավելի ու ավելի է իրատեսական դառնում շատ մոտ ապագայում: Իսկ դա Թուրքիայի համար լի է սարսափելի հետևանքներով և տանելու է այդ ճահճացած «կայսրության» կործանման: Այս էքստրեմալ հանգամանքերում Թուրքիային մնում է միայն, ինչպես աում են' փորձել «ձուկ որսալ պղտոր ջրում» և գնալ նմանատիպի բախտախնդրությունների' որպիսի ինչ որ կերպ դուրս պրծնել իր համար այս վտանգավոր իրավիճակից:

 

 


Փաստենք նաև, որ այսօրվա Ռուսաստանը՝ Թուրքիայի առումով կամա թե ակամա ուղղակի «համտեսում» է իր նախորդ իշխանավորների «ցանած սերմերի պտուղները»: Ժամանակին Խորհրդային Ռուսաստանը մեծապես աջակցեց ու զինեց քաղաքական ավանտյուրիստ, խաղամոլ և ինչպես արդեն ապացուցված է՝ ուղղակի կենցաղային անհույս հարբեցող Մուսթաֆա Քեմալին՝ փրկելով հանցավոր ու ցեղասպան Թուրքիան մասնատումից: Եվ այդ ամենն անելով՝ հայկական բնիկ տարածքների հաշվին, ու հիմա բնականաբար ստանում է այս «դավադրական հարվածը թիկունքից»՝ ինչպես այսօր հայտարարեց ներկայիս ռուսական լիդերը:

 


1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական «հավերժ բարեկամության և երկկողմանի սիրո հավաստման» խայտառակ պայմանագրի կնքմանը նախորդաց օրերին «հոգեկան հիվանդագին պարանոյա» ախտորոշմամբ այն ժամանակվա ռուսական առաջնորդ Լենինը ասում էր. «Հայտնեք մեր հայ գործընկերներին, որ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի' իրենք պարտադիր պետք է զոհեն իրենց երկրի տարածքները' հօգուտ մեր բարեկամ քեմալական Թուրքիայի»: Իհարկե, այն ժամանակվա հայ ապազգային «գործընկերները» հլու և հնազանդ ենթարկվեցին այդ իրենց «վերադասի» հակահայկական կարգադրությանը, և ինչպես ասում են՝ հիմա ռուսներն ունեն այն՝ ինչ ունեն:

 


Այս անկանխատեսելի իրավիճում մենք պետք է շատ զգուշավոր լինենք՝ սա բնավ էլ մեր պատերազմը չի: Մենք արդեն մեկ անգամ անասելի տուժել ենք՝ 1-ին համաշխարհայինում, երբ հայկական գործոնը դավադրաբար ու անմարդկային կերպով օգտագործեցին օտարները՝ իրենց հանցավոր ծավալապաշտական շահերի համար:

 

 

Ռուբեն Շուխյան