Կաթն անհրաժեշտ է երեխայի նորմալ զարգացման համար, վստահեցնում են գիտնականները, չէ՞ որ այն նպաստում է ոսկրային զանգվածի աճին: Բայց ի՞նչ անել, եթե երեխան կաթ չի սիրում կամ չի կարողանում խմել, քանի որ չի յուրացնում լակտոզան:

 

1. Երեխային անհրաժեշտ է կալցիում
Նախ պետք է հստակ հասկանալ, որ հենց կալցիումն է նպաստում երեխայի ոսկրերի աճին ու ամրությանը: Հիշեք, որ ոսկրերն աճում են միայն մինչեւ 20 տարեկան, որից հետո դրանց զանգվածն ավելացնել հնարավոր չէ, կարելի է միայն պահպանել այն, ինչ արդեն կա: Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է, որ երեխաները հնարավորինս շատ կալցիում ստանան: Ահա թե որքան է նրանց պետք մինչեւ չափահաս դառնալը.
մինչեւ 6 ամսական. 200 մգ
6-12 ամսական. 260 մգ
1-3 տարեկան. 700 մգ
4-8 տարեկիան. 1000 մգ
9-18 տարեկան. 1300 մգ:
18 տարեկանից հետո օրական 1000-1200 մգ կալցիումը բավական է:

 

2. Կաթն ու կաթնամթերքը կալցիումի լավագույն աղբյուրներն են
Մանկաբույժի խոսքով, կալցիումի լավագույն աղբյուրներն են. կաթը, պանիրը եւ մյուս կաթնամթերքները, նույնիսկ՝ պաղպաղակը: Մեկ բաժակ կաթի մեջ 300 մգ կալցիում կա: Ստացվում է, որ երեխաներին օրական մոտավորապես 3 բաժակ կաթ է պետք, կալցիումի անհրաժեշտ քանակն ապահովելու համար:

 

3. Կալցիումի այլ աղբյուրներ էլ կան
Նրանց համար, ովքեր լակտոզա չեն մարսում, կալցիումի աղբյուր կարող է լինել սոյայի կամ բրնձի կաթը, բանջարեղենի որոշ տեսակները՝ բրոկոլի, կալե եւ այլն, մրգերը, օրինակ՝ նարինջը, ինչպես նաեւ՝ ձուկը: Ճիշտ է, առավել շատ կալցիում, այնուամենայնիվ, կաթնամթերքն է պարունակում:

 

4. Կալցիում խմելու անհրաժեշտություն սովորաբար չկա
Մանկաբույժի խոսքով, կալցիում պարունակող սննդային հավելումները սովորաբար պետք չեն, քանի որ կալցիումով հարուստ բավականին շատ մթերք կա: Այդ նույնը վերաբերում նաեւ վիտամին D-ին, որն անհրաժեշտ է կալցիումը յուրացնելու համար. բավական է արեւի տակ մի քիչ ժամանակ անցկացնել, ու այդ վիտամինը կսինթեզվի մաշկի տակ:

 

5. Ուժային մարզանքներ
Սնունդն, իհարկե, նպաստում է ոսկրերի աճին, բայց մեծ դեր են կատարում նաեւ մարզանքները, ուստի ֆիզիկական ակտիվությունը ծայրաստիճան կարեւոր է երեխաների համար: Շատ կարեւոր է կատարել այնպիսի ուժային վարժություններ, որոնց համար գործի են դրվում մկաններն ու ոսկրերը:
Ձեզ ենք ներկայացնում վեց լավագույն վարժությունները՝ ըստ մանկաբույժի.
վարժություններ՝ ծանրություններ բարձրացնելով,
քայլք,
վազք,
ցատկ,
լեռնագնացություն,
պար:
Ուստի, նույնիսկ եթե երեխան չի ուզում կաթ խմել, նրա սննդակարգը կարելի է այնպես կազմակերպել, որ նա ստանա իրեն անհրաժեշտ կալցիումի քանակը: Բացի դրանից, նրան պետք է ստիպել սպորտով զբաղվել, այդ դեպքում երեխայի ոսկրերն առողջ ու ամուր կլինեն:

 

Վրեժ Հովսեփյան