«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը Բուլղարիայում է, որտեղ Միկան հագեցած գրաֆիկ ունի՝ լեցուն տարբեր փորձերով, ձայնագրություններով ու բազմապիսի հանդիպումներով:

 

 

Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ու պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանի հետ: Դեսպանը հաջողություններ է մաղթել Հայաստանի պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ Միկան լավագույնս կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին եւ կզբաղեցնի պատվավոր տեղ:

 

 

Դեսպանի հետ հանդիպմանը հաջորդել է նաեւ հանդիպում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը եւս շատ ջերմ մթնոլորտում է անցել:

 

 

Հայ համայնքի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել մեր պատվիրակին պատասխանատու ելույթի ընթացքում եւ վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանը կառանձնանա իր հիշարժան ելույթով: Նրանք կոչ են արել բոլոր սփյուռքահայերին լինել Միկայի կողքին, սատարել նրան եւ քվեարկել Հայաստանի օգտին:

 

 

Միկան եւ իր երեք մուսաները հայ համայնքի ներկայացուցիչների համար կատարել են մրցութային “LOVE” երգը:

 

 

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանյան ներկայացուցիչ Միկան ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում՝ 11-րդ համարի ներքո: