Միշել Լեգրան. «Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է»… Ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր Միշել Լեգրանը՝ իր հայկական արմատների մասին. «Ես տասը տարի ապրել եմ հայ պապիս հետ, որը մահացել է 1942 թվականին: Մայրական կողմից պապիս անունը Սարգիս Տեր-Միքայելյան էր: 1915-ին Թուրքիայում ցեղասպանության ժամանակ նա տեղահանվեց իր բնօրրանից ու փախավ Ֆրանսիա:

 

Ես ապրում էի մորս հետ պապիս տանը՝ Անյերում: Հիշում եմ. նա նվագում էր սազի, ուդի և դաշնամուրի վրա ու ցույց էր տալիս ինձ այն ակորդները, որով ես կարող էի հայկական մեղեդիներ նվագել: Պապս ուներ գրամաֆոն ու շատ ձայնապնակներ և միշտ երաժշտություն էր լսում: Անյերում մի նվագախմբի ղեկավարն էլ իմ հարազատ քեռին էր՝ Ժան Հելյանը… Պապս մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի նկատմամբ: Նա իսկական հայ էր՝ վերին աստիճանի հուզական, կրքոտ ու առատաձեռն: Հիշում եմ նաև, թե ինչպես հաճախակի կիրակի օրերին նա տանում էր ինձ իր հետ Անյերի հայկական եկեղեցի, որը գտնվում էր Ժան Գուժոնի փողոցի վրա...

 

Երբ քրոջս հետ 2000-ականների սկզբին մեկ շաբաթով եղանք Երևանում՝ այնտեղ գտանք մեր բարեկամներին: Դա այնքան զարմանալի էր՝ հպվել քո իսկ արմատներին: Իսկ երբ նվագում էի Երևանի կամերային նվագախմբի երաժիշտների հետ՝ ես մեծ բավականություն ստացա, և ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նվագում եմ ինձ համար շատ հարազատ մարդկանց հետ... Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ ես ամեն տեղ հանդիպել եմ հայերին, կարելի է ասել՝ ամեն քաղաքում, և այդ իսկ պատճառով մշտապես ինձ զգացել եմ՝ ոնց որ փոքրիկ Հայաստանում...

 

Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և ես ինձ որպես հայ եմ ընկալում: Չնայած նրան, որ ծնվել եմ Փարիզում և իմ կյանքը հիմնականում անցել է Եվրոպայում՝ իմ «ես»-ի մի մասը միանշանակ հայկական է: Դա առավելապես մտավոր մասն է, քանի որ ես քաջածանոթ եմ հայկական մշակույթին, երաժշտությանը և շատ եմ կարդացել հնագույն ու հրաշալի մեր Հայաստանի պատմության մասին: Ճիշտ է՝ առավելապես տխուր պատմության, որը լիքն է եղել ահավոր դրվագներով, բայց չնայած ամեն ինչին՝ շարունակվում է հիմա գոյատևել նոր ու զարգացող Հայաստանում...»:

 

Ռուբեն Շուխյան