Այսօր՝ նոյեմբերի 15-ին 52 տարեկանում կաթվածից մահացել է ծրագրավորող, լուսանկարիչ Զորիկ Գալստյանը։
Զորիկ Գալստյանն արցախյան ազատամարտի մասնակից էր, որպես սպա ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Նրան Ֆեյսբուքի շնորհիվ հազարավոր մարդիկ էին ճանաչում, և ճանաչողները շատ սիրում ու գնահատում էին նրա սուր խոսքը, հումորը, քննադատությունները, սրամիտ համեմատությունները, սարկազմը, և անկրկնելի լուսանկարները:
Զորիկի մասին ընկերները ֆեյսբուքյան իրենց էջերում գրում են.
Վարուժան Բաբաջանյան
«Կան մարդիկ, առանց որի միջավայրդ ու շրջապատդ չես պատկերացնում...
Ափսոս, Զորիկ ջան...
Հանգչես խաղաղությամբ, բիձո...»
Լևոն Մարգարյան
«Սովորաբար Հայաստանը կամ չեն սիրում կամ սիրում են պաթոսով: Զորիկը հաջողացնում էր Հայաստանը սիրել առանց պաթոս, ամենօրյա ռեժիմով, գործով, հանրային ակտիվությամբ, լուսանկարներով, սարկազմով: Ու էտ ձևը դարձրել էր վարակիչ:
Դեռ շատ կզգանք կարիքդ բիձո, հլը շատ բաներ կան քո մասին հիշելու ու պատմելու»:
Առաքել Սեմիրջյան
«Որոշել էի ընդհանրապես չգրել, բայց էս մասին չեմ կարող չասել: Ուրեմն սրանից 2 տարի առաջ, ամռանը «Պապլավոկի» դիմացի սրճարանում, նստած էինք մեկ էլ փողոցի կողմից աչքովս ընկավ Զորիկը ու գոռացի, որ մոտենա մեր հետ սուրճ «վայելելու»: Ու քանի որ ուզում էի, որ Զորիկը' Խեչոյանի մոտ դրական տպավորություն թողնի, Զորիկին ներկայացրեցի որպես Արցախյան պատերազմի մասնակից, որին Զորիկս ասեց այ Առաքել ինչ ես խոսում մի երկու անգամ սահմանին օդ եմ կրակել, ինձ ֆիդայի ես ներկայացնում?, ու իրա էդ ազնիվ ու անկեղծ պատասխանը ավելի մեծ տպավորություն թողեց Խեչոյանի վրա քան կարելի էր պատկերացնել:
Պարզ, զուսպ, զուլալ, արածի մասին չխոսացող ու ամենակարևորը էնքան օբեկտիվ, որ կարար իրար ատող մարդկանց մտքերը իր պատին հավասարապես շեյրեր ու նաև իրար ատող մարդկանց հետ հավասարապես ընկերություն աներ ու խաշ ուտեր, միաժամանակ դույզն իսկ չմտածեր, էս մեկը լևոնական է էն մեկը ռոբական/ մենակ սերժականներին տանել չէր կարում ՃՃՃ, բայց որ նորմալ սերժական ապագայում ռաստ գար հաստատ նրանց ստատուսներն էլ կշեյրեր ու նրանց հետ էլ խաշ կուտեր Ճ/:
Վերջին հոդվածիս վերնագիրն էլ ինքը դրեց ու երբ մինչև տպվելը զանգեցի, որ հղում տամ իրեն, ասաց արա ես տենց թիթիզություններ չունեմ, հանկարծ տենց բաներ չանես...»:
Վազգեն Ղազարյան
«Զորիկից մի հատ ունեինք»:
Զորիկ Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 18:00-ին Վերին Պտղնի 21/1 հասցեում: Հուղարկավորությունը նոյեմբերի 17-ին՝ Մեծ Մանթաշ գյուղում։
Mediamall.am-ի ողջ անձնակազմը ցավակցում է Զորիկ Գալստյանի ընտանիքին և ընկերներին։