Այսօրվա երիտասարդ սերնդին թերևս քիչ բան է ասում երգիչ և երգահան Մանուել Մենենկիչյանի անունը, այնինչ 60-ականների վերջին և 70-ականների սկզբին հայ իրականության մեջ մի ողջ սերունդ մեծացավ, լսելով նրա հիասքանչ մեղեդային երգերը'«Երջանկության արցունքները», «Ալիքներ», «Հեռացար՝ մոռացիր» և այլն:

 

 

Մանուելը ծնվել է Լիբանանում՝ արևմտահայ գաղթականներից սերող ընտանիքում: Նրա երաժշտական տաղանդն ու ձայնային բացառիկ տվյալները ի հայտ են գալիս դեռ մանկուց: Ծնողների հետ տեղափոխվելով Փարիզ, Մանուելը սկսում է սովորել այստեղի երաժշտական դպրոցում: Զուգահեռաբար նա հաճախում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դասերին, որը մեծ ազդեցություն թողեց ապագա երգչի վրա: 1965-ին նա արդեն ստանում է իր առաջին մրցականը՝ հաղթելով Ֆրանսիայի երիտասարդ կատարողների մրցույթում: Մեկ տարի անց թողարկվում է Մանուելի առաջին ձայնապնակը՝ ֆրանսերեն լեզվով երգերով, որոնց հեղինակը հիմնականում ինքն էր հանդիսանում:

 

 

1967-69 թվականներին Մանուելը համերգներով շրջագայեց բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում, և բոլոր այդ համերգները ուղեկցվեցին մեծ հաջողությամբ: Մանուելը թողարկեց նաև այդ ընթացքում ձայնապնակներ՝ ֆրանսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով կատարված երգերով: 1969-ին նա հաղթում է Աթենքի միջազգային երաժշտական մրցույթում: Իսկ արդեն 70-ականների սկզբին Մանուելը սկսում է հանդես գալ նաև որպես դերասան և նկարահանվում մի շարք ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Երջանկության արցունքները» երաժշտական ֆիլմն է, որտեղ հնչում են Մանուելի բազմաթիվ սիրված երգերը՝ իր իսկ կատարմամբ:

 

 

Հետագայում մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, Մանուել Մենենկիչյանը անսպասելի կերպով թողեց ակտիվ ստեղծագործական գործունեությունը՝ անգամ լուրեր էին պտտվում նրա մահվան մասին: Եվ միայն 20 տարի անց, 1998-ին՝ Լոս Անջելեսում «Armenian Musiс Awards» մրցանակաբաշխության ընթացքում նա նորից դուրս եկավ բեմ և կատարեց իր հանրահայտ «Երջանկության արցունքները» երգը, որն այսօր էլ դասվում է ամենաշատը կատարվող հայկական հիթերի շարքին:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան