Գյուղատնտեսության կայուն զարգացման գործում մեծ դեր են ունենում անասնաբուժական կենտրոնները, որոնք օգնում են ժամանակին հայտնաբերել և վնասազերծել սպասվող վարակների տարածումը: Օրերս գործադիրի նիստում ընդունված որոշմամբ Խնձորեսկ և Արտաշավան համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքերը և գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին' «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի պահանջների իրականացման նպատակով: Վերջինիս հիմնական նպատակը անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:
Հարկ է նշել նաև, որ ծրագրով նախատեսվում է աջակցություն համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին' կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման աշխատանքները բարելավելու նպատակով:
Գործադիրի մեկ այլ որոծմամբ սահմանվել են կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները. արդյունքում՝ հանրապետությունում կստեղծվի հավաստի տվյալների բանկ, ինչն էլ կնպաստի նաև պետպատվերի շրջանակում հակահամաճարակային անասնաբուժական միջոցառումների լիարժեք իրականացմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սևանա լճի շրջակայքում' Ծովագյուղ Արտանիշ հատվածի լեռնալանջերին պաշտպանական անտառաշերտի հիմնադրման նպատակով: Անտառապատումն էապես կնպաստի Սևանա լճի սանիտարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը:
Նարեկ Սարգսյան