Մեղրին Հայաստանի հարավային դարպասն է, և սկսած 1918 թվականից միշտ էլ անբեկանելի փաստ է եղել այն, որ Մեղրիի դիրքը մեր երկրի անվտանգության համար բացառիկ ստրատեգիական կարևորություն ունի: Բոլորը քաջատեղյակ են նաև 2000-ականների սկզբին Մեղրիի շրջանի փոխանակման հետ կապված զանազան առաջարկների վերաբերյալ, որոնք իհարկե միանշանակ անընդունելի և մերժողական են եղել մեզ համար:

 

 

Ներկայացնենք 97 տարվա վաղեմության ուշագրավ մի փաստ, որից պարզ է դառնում, որ այն ժամանակ նույնպես բարձրացվել է Մեղրիի փոխանակման հարցը: Հայաստանի անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումից անմիջապես հետո սկսվում են հայ-թուրքական երկկողմ բանակցություններ՝ Հայաստանի ապագա սահմանների վերաբերյալ: Տարածաշրջանի բարդ և անկանխատեսելի իրավիճակը, երբ բառացիորեն դրված էր հայ ժողովրդի գոյատևման խնդիրը, պահանջում էր նորանկախ երկրի ղեկավարներից վարել իրատեսական արտաքին քաղաքականություն: Արդեն 1918-ի հունիսին հայկական պաշտոնական մի պատվիրակություն մեկնեց Կ.Պոլիս, իսկ այդ նույն ժամանակ պաշտոնական այցով Երևան ժամանեց Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գերագույն հրամանատար Խալիլ պաշան՝ բանակցություններ վարելու Երևանի նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանի հետ:

 

 

Հայաստանի Առաջին Հանրապետության նշանավոր պետական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը իր հուշերում ներկայացնում է հետևյալ դրվագը. «Արամը, իր նախկին ընկեր' հաղթական Խալիլ փաշայից, ով եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրիի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա: Նա առաջարկում էր նաև զինվորական դաշինք կնքել Դաշնակիցների (Անտանտի) դեմ: Այս խոսակցությունները ոչինչ չտվեցին...»:

 

 

Ռուբեն Շուխյան