Օրերս Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդներից մեկի՝ Իսմաիլ Հանիայի հետ հեռախոսազրույցում, ի պատասխան պաղեստինցի գործչի շնորհավորանքների՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում իշխող ԱԶԿ-ի տարած «վստահ հաղթանակի» հետ, հանդես է եկել Իսրայելին ուղղված հերթական սպառնալիքներով:

 

Դավութօղլուն մասնավորապես նշել է, որ Թուրքիան հետագայում ևս աջակցելու է պաղեստինցի ժողովրդին, ինչպես Գազայում, այնպես էլ Երուսաղեմում, և թույլ չի տալու Իսրայելին՝ ստանձնել Տաճարի լեռան (այստեղ է տեղակայված սուննի մուսոլմանների կարևորագույն սրբավայրերից մեկը հանդիսացող ալ-Ակսայի մզկիթը) վերահսկողությունը»: Հրեական պետությունը առավել խստացրել է շրջանի հսկողությունը հատկապես վերջին 40 օրերի ընթացքում՝ պայմանավորված երկրում ընթացող «Դանակային» կամ «Ալ-Կուդսի (Երուսաղեմ)» ինթիֆադայով:

 


«Ալ-Ակսայի մզկիթի վնասումը մենք կգնահատենք՝ որպես Թուրքիայի դեմ ուղղված թշնամական գործողություն, Ալ-Ակսայի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կկտրենք»,- հորջորջացել էր Թուրքիայի վարչապետը:

 


Արդեն 5 տարի շարունակվող թուրք-իսրայելական «հակամարտությունը», որը սրվել էր հատկապես 2010 թ. «ՑԱՀԱԼ-ի» (Իսրայելի պաշտպանության բանակ) կողմից պաղեստինցիների համար իբր մարդասիրական օգնություն փոխադրող «Ազատության նավատորմի» մաս կազմող թուրքական Mavi Marmara նավի գրավման գործողության ընթացքում Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան միջադեպից հետո, մշտապես օգտագործվել է թուրքական իշխանությունների հռետորաբանությունում՝ արաբամուսուլմանական աշխարհում սեփական կշիռը բարձրացնելու մղմամբ: Թուրքիայում թեման հատկապես արդիական էր դառնում երկրում նախընտրական ժամանակաշրջանում կամ պաղեստինաիսրայելական զինված առճակատման և հատկապես՝ 2012թ., 2014 թ. զինված բախումների, կանոնավոր ռազմագործողությունների ընթացքում:

 


Մինչդեռ այն, որ թուրք-իսրայելական հարաբերությունների «թշնամական բնույթը» զուտ մակերեսային մակարդակում է, փաստում են երկու երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունները, բայց հատկապես՝ տնտեսական համագործակցությունը:

 

 


Այսպես, ըստ թուրքական վիճակագրության ինստիտուտի տվյալների, երկկողմանի տնտեսական հարաբերություններն բուռն զարգացում են ապրում: Մասնավորապես, Mavi Marmara-ի միջադեպին հաջորդած անցյալ 5 տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 100%-ով՝ ներկայում կազմելով 5,6 մլրդ դոլար, ընդ որում, արտահանման և ներմուծման ծավալները գրեթե հավասար են: Իսրայելը Թուրքիա է արտահանում գյուղատնտեսական պարարտանյութեր (ընդ որում, հենց այս ոլորտի հաշվին է հիմնականում աճել արտահանումը՝ կազմելով ընդհանուր ծավալի 80%-ը), տարաբնույթ տեխնոլոգիաներ, ներմուծում՝ սննդամթերք, ավտոմեքենաներ, տեքստիլ արտադրանք, թեթև արդյունաբերական արտադրանք և այլն:

 

 


Իսրայելաթուրքական տնտեսական հարաբերությունների օրինակով կարելի է դատել ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում առկա բազմաթիվ իրողությունների մակերեսային բնույթը, մինչդեռ խորքային մակարդակում դրանց դրսևորումները տրամագծորեն տարբեր են: Չնայած երկկողմանի հարաբերություններում արտաքուստ երևացող «ոչ բարեկամական» տարրերին՝ երկու երկրները շատ ընդհանուր շահեր ունեն Մերձավոր Արևելքում ներկայում ծավալվող գործընթացներում (Իրանի միջուկային ծրագիրը, «Իսլամական պետության» գործոնը, սուննիական աշխարհում առկա մրցակցությունը), բայց միանշանակորեն տիրապետում են նաև միմյանց վրա ազդելու իրական ու լրջագույն լծակների, որոնք, սակայն, չեն կիրառվում: Նեղ և ժամանակավոր շահերի համար օգտագործվում է միայն որևէ հետևանքից զուրկ դատարկ հռետորաբանությունը:

 

 

 

Արմեն Պետրոսյան