Ադրբեջանական «Հաղղին.ազ»-ի ողջ խմբագրական կազմը հավանաբար այս գիշեր չի քնել՝ փորձելով օգտագործել եզդիների կրոնի շուրջ Հայաստանում բարձրացված աղմուկը քարոզչական նպատակներով:
Այսուամենայնիվ, վաղ արշալույսին հրապարակված հոդվածը, մեղմ ասած, աչքի չի ընկնում ոչնչով, այլ հիմնականում ներկայանում է հայկական ԶԼՄ-ներից թարգմանաբար կատարված արտատպումներով, որոնք ավարտվում են ուղղակի անտրամաբանական եզրահանգմամբ առ այն, որ Բաքվում գործող Կովկասի Մահմեդականների Հոգևոր Վարչությունը (ԿՄՀՎ) միջէթնիկական ամուսնությունների վերաբերյալ խորհուրդներ չի տալիս:
Հոդվածի հեղինակը հավանաբար «մոռացել է» նշել, որ ԿՄՀՎ-ն, ըստ էության, չի էլ կարող «խորհուրդներ» տալ նույնիսկ շիայական իսլամի հարցերով, քանի որ, ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, կեղծ կառույց է՝ ստեղծված Ստալինի հրամանով, իսկ դրա այժմյան ղեկավար Ալլահշուքուր Փաշազադեն, որքան էլ զավեշտալի է, չունի համապատասխան հոգևոր կոչում:
Այնպես որ, իրանական Ղոմի կամ իրաքյան Նաջաֆի՝ ֆեթվա (կրոնական հրովարտակ) արձակելու իրավունք ունեցող յուրաքանչյուր այաթոլլահ հենց Ադրբեջանի ներսում շիա հավատացյալներին խորհրդատվություն տրամադրելու ավելի շատ իրավունքներ ունի, քան ամբողջ ԿՄՀՎ-ն միասին վերցրած:
Վարդան Ոսկանյան