Քաղաքական գործընթացնրում բավականին հաճախ հանդիպում են այնպիսի տերմիններ, որոնց դրական կամ բացասական լինելը քչերին է հայտնի:
Մարգինալ (լատ. margo-ծայր, սահման, անգլերենում ավելի բազմանշանակ է. անգլ. marginal-ծայրամասում գտնվող, սահմանային): Ըստ բառարանային ձևակերպման' մարգինալ է այն ամենը, ինչը գտնվում է ընդունված կառուցվածքների, նորմերի սահմաններից դուրս:
«Մարգինալ մարդ» հասկացությունը առաջին անգամ գործածել է Ռոբերտ Փարկը՝ 1928 թվականին: Ըստ Փարկի՝ մարգինալ է այն մարդը, ով հայտնվել է երկու տարբեր մշակույթների, սոցիալական կառուցվածքների սահմանագծում, ով լիարժեքորեն ներառված չէ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մեջ։ Փարկը վատատեսորեն է վերաբերվում մշակութային խառնածիններին' պատճառաբանելով, որ հնարավոր չէ միշտ մնալ սահմանագծում. անհրաժեշտ է կողմնորոշվել։
Դժվար է պատկերացնել որևէ հասարակություն, որտեղ չլինեն մարգինալ երևույթներ, մարգինալ անձինք, մարգինալ սոցիալական դեր և այլն։ Յուրաքանչյուր հասարակության մեջ մարգինալ հատկության կրողները անհատներն են, սոցիալական խմբերը և էթնիկական հանրույթները։
Սոցիոլոգիայում «մարգինալ» («լուսանցքային») հասկացությունը սկսել է օգտագործվել 1920-ական թվականներին: Ամերիկացի սոցիոլոգներն այդպես էին բնութագրում այն սոցիալական խմբերին, որոնք իրենց արժեհամակարգով, պատկերացումներով, մշակույթով չէին տեղավորվում այն պահին ԱՄՆ-ում ընդունված նորմերի մեջ, այդ նորմերի գծած լուսանցքից դուրս էին: Խոսքը նախևառաջ այդ ժամանակաշրջանում երկիրը հեղեղած էմիգրանտների մասին էր:
Քաղաքական պրակտիկայում իրավիճակն այլ է. մարգինալությունը բացասական բնութագիր ունի, պիտակ է, որը կուսակցականները կպցնում են իրար՝ ընդդիմախոս քաղաքական ուժի նշանակությունը նսեմացնելու նպատակով:
Այլընտրանքային գլոբալիստները և հակագլոբալիստները երկար ժամանակ դիտվում էին իբրև մարգինալ հոսանքներ, որոնց նպատակն ընդամենը աղմուկն է և մանր, ժամանակավոր, տեղային խնդիրների լուծումը:
Հակագլոբալիստներն արդեն հասել են կարևոր արդյունքների: Նրանք կոտրել են արևմտյան ԶԼՄ-ով քարոզվող այն առասպելը, թե մարդկությունը մտնում է հումանիզմի, առաջադիմության և համերաշխության դարաշրջան:
Արմեն Հովասափյան