Տարօրինակ է մարդու կյանքը: Բայց ավելի կախարդիչ է նրա մանկությունը: Մի առավոտ բացում ենք մեր աչքերը և տեսնում, որ անչափ բարի ու անսահման գթառատ են մեր ծնողները, որ գեղեցիկ ու թեժ է արևը, որ երկինքը անվերջանալիորեն կապույտ է, որ հսկայածավալ է մեր բնակած փողոցը, մեր թաղը, մեր քաղաքն ու բլուրներից այն կողմ տարածված ողջ աշխարհը: Ու մեզ թվում է, թե տերն ու տիրականն ենք այդ բոլորի, թե տիեզերքն հենց միայն մեզ համար է ստեղծվել, թե կյանքը մի չնաշխարհիկ առասպել է, թե մենք կոչված ենք միակ հերոսը դառնալու այդ վարդագույն երազ-իրականության:

 


Ու հենց այդ օրվանից սկսվում է մեր վազքը: Եվ որքան որ հևքոտ են դառնում մեր որոնումները, նույնքան ևս փոքրանում են մեր քաղաքի սահմանները և մեզ շրջապատող երևույթների թևերը: Ըմբոստ՝ դառնում ենք դեպի հեռուները, որոնումների ծարավը միշտ մեր հոգու մեջ: Ու հալչում են ճամփաները մեր ոտքերի տակ, կղզիանում են նոր ավանները մեր հոգու ակունքների դիմաց, և այլևս տենդահար դառնում ենք թափառաշրջիկներ, միշտ նորը, նորը, անհասանելին գտնելու գաղափարով հիվանդ:

ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ
«Այս գիշեր» պատմվածքից

 

Հովիկ Չարխչյան