Թաղվել՝ առանց թշնամու փամփուշտի… Սա է եղել 1920 թվականի Հաճընի ինքնապաշտպանական մարտերի հերոսուհի (նկարում) Ագուլինե Թաթուլյանի (1900-1985) վերջին խնդրանքը: Այս զարմանալի պատմությունը ներկայացրել է Ագուլինեի թոռնուհին՝ Լորի Թաթուլյանը, որը բնակվում է Լոս Անջելեսում:
1918-ին, 1-ին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի պարտությունից հետո, հայերը վերադարձան Կիլիկիա և փորձում էին վերականգնել իրենց ավերված օջախները: Նրանց թվում էր նաև Ագուլինե Թաթուլյանը, որը 6000 բնակիչների հետ վերադարձել էր հարազատ Հաճըն: Սակայն 1920 թ. սկզբին քեմալական Թուրքիայի կանոնավոր բանակը հարձակում է սկսում հայկական Կիլիկիայի բնակավայրերի վրա: Իրավիճակը ավելի է բարդանում, երբ ֆրանսիական զորախումբը դուրս է բերվում Կիլիկիայից: Հաճընի հայ բնակչությունը դիմում է զինված ինքնապաշտպանության, որը թուրք ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է դառնում։
Զենք է վերցնում նաև քսանամյա Ագուլինեն: Նա կտրում է մազերն ու զինվորական հագուստ կրում՝ քաջաբար մարտնչելով ինքնապաշտպանական ուժերի կազմում: Մոտ յոթ ամիս տևած պաշարումից հետո՝ 1920-ի հոկտեմբերին թուրքական զորքերը անհավասար մարտում կարողանում են ճեղքել պաշտպանությունը, գրավել ու հրկիզել հայկական Հաճընը՝ կոտորելով խաղաղ բնակչությանը: Շրջափակումից հաջողվեց դուրս գալ միայն 365 հայերի՝ այդ թվում նաև Ագուլինեին: Մարտերի ժամանակ կրծքավանդակի ձախ հատվածում Ագուլինեն վիրավորվել էր, բայց այդպես՝ գնդակը կրծքում ապրեց ևս 65 տարի: Դա չխանգարեց նրան հետագայում գրել ու բեմադրել մի պիես, որից ստացված հասույթը նվիրաբերեց ցեղասպանությունից փրկվածների օգնության ֆոնդին:
Ագուլինե Թաթուլյանը հաստատվեց Փասադենայում (Կալիֆորնիա): Ապրեց երկար կյանք, ունեցավ 5 զավակ ու մեծ գերդաստան: Մահվանից առաջ նա միայն մի խնդրանքով էր դիմել հարազատներին՝ մահից հետո հանել թուրքական փամփուշտը մարմնից ու դրանից հետո միայն իր աճյունը հանձնել հողին: Հարազատները կատարեցին նրա վերջին խնդրանքը՝ Ագուլինե Թաթուլյանը հուղարկավորվեց առանց թշնամու փամփուշտի: Այժմ այդ փամփուշտը, որպես հերոս հայուհու անկոտրուն կամքի բացառիկ ցուցանմուշ, պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Ռուբեն Շուխյան