ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն միաձայն հավանություն է տվել «Լրագրողների անվտանգությունը և անպատժելիության խնդիրը» բանաձևին: Ըստ այդմ, նոյեմբերի 2-ը հռչակվում է Լրագրողների հանդեպ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օր: Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության' երեքշաբթի ընդունված բանաձևում կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ երկրներին անել հնարավորինս' լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ բռնությունները կանխելու համար:

 

ՄԱԿ-ի կոմիտեի պատվիրակները պետություններին կոչ են արել անցկացնել լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ բռնությունների հնարավոր դեպքերի անկողմնակալ, արագ և արդյունավետ քննություն և դատարանին հանձնել նման հանցագործություններ կատարած անձանց, նաև ապահովել անհրաժեշտ իրավական պաշտպանության միջոցներից տուժածների օգտվելու հնարավորությունը:

 

Բանաձևը կոչ է անում պետություններին աջակցել այնպիսի ապահով և բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի լրագրողներն իրենց աշխատանքում լինեն անկախ և այն կատարեն առանց անհարկի միջամտության:

 

Սևակ Գրիգորյան