Մարդ չես. փոքր ես. խեղճ ես.... Ասում է' սիրում եմ, ու՞մն ես սիրում, ինչի՞ համար ես սիրում: Քեզ ամեն օր, ասում են, հրաման տալիս, թե մեր շարքերում լինելու համար հայերենասիրություն պիտի խաղաս, դու էլ գլուխդ կախ տված, ով ինչ ասում է, հետևից կրկնում ես, թե էս ինչ լավ օրի ենք: Քեզ ամեն օր մի-մի խեղճություն անել են սովորեցնում, դու էլ, թե խեղճություն չի, հպարտություն է: Անունն ինչ ուզում ես դիր, էն, որ աչքերիդ մեջ ծառայում ես քեզ կես բաժակ ջուր տվողին, ով քեզ ամեն օր էն կիսատ բաժակ ջրով թունավորում է, դու էլ ազատության քողի տակ մորթվում, գլուխդ դեմ տալիս, թե մորթեք, խղճացող չի լինելու, չեն խղճալու: Ընտրությունը քոնն է' խեղճություն... Էն, որ ամեն օր քեզ ասում են կռացիր, գետնի վրա չորացած ծառի տերևները հատիկ-հատիկ հավաքիր, տար ու մի անկյունում կրակ արա', ինչի՞ համար ես լռում, անբան, անգործունյա, քեզ բերող, մարդ դարձնող մարդու աչքերի մեջ նայելուց չես ամաչում: Քաղաքի փողոցները չափչփելով, գետնին թքելով, մարդկանց մի-մի տուկի թեր բաժանելով, հետն էլ, թե ձեզ տուկի թելերից կախ տվեք' մեռեք... գլխակե'ր... էդ է՞ քո մարդասիրությունը, թե էն, որ խարույկի մեջ առած տերևները վառելու փոխարեն մարդ ես խորովում, ուտում, անունն էլ, թե մադասեր եմ: Ես ի՞նչ կարող եմ անել, ոչ Աստված եմ, ոչ էլ գալու եմ ձեզ փրկելու: Խեղճության դեմ, ոչ մեկ, ոչինչ չի ստացել, ավելին' սպանել են, տարել մի անկյունում գցել են, հող էլ չի գտնվել, որ մարմինը ծածկի, ողորմի տվող էլ չի եղել: Ծախել ու անարգել ես, կեղծել, սուտ խոսել, տեսնողը' տեսել է, ասել է մարդ եղի'ր, նայել ես մարդու աչքերին ու կրկին ստել, թե ես մարդ եմ, դու, դու ո՞վ ես:
Թշվառական ես անունը դրել նրա, ով իր անունն ու պատիվ ձեռքի մեջ ամուր բռնել ու ճափա է կտրել, խեղճ չի եղել, հալածվել է ազնվության պատճառով, իսկ էն, որ դու գիշերը ցերեկ, ցերեկը գիշեր ողնաշարդ ծռել ու խնդրել ես, քեզ, քո ձեռքի ափի մեջ, մի ոսկոր են դեմ տվել ասել են' կրծի... կրծել ես: Հիմա դու սիրում ես, հող ես սիրում... հողը տակից ծախում, բայց հողի համար կռիվ ես տալիս ու ասում ես հավատա, ես իմ հայրենիքի համար եմ անում, ինչ-որ անում եմ: Երկնքի կապույտն էլ, ինչպես մարդու աչքերը խոսքի խեղճությունից վառվում, մոխիր է դառնում:
Ես ի՞նչ կարող եմ անել, դու մի գիտնական ու մի տեր քեզ զգում: Չես էլ ամաչում, ամաչելու համար էլ ես պուճուր: Եվ ո՞վ ես դու, ի վերջո: Մարդ չես, փոքր ես... մարդ լինեիր, հետն էլ լավը, հիմա վաղուց մեռել էի: Լավերը աշխարհի վրա քիչ են ապրում, որ տարիները նրանց չփչացնեն, ինչպես լույսն ու ստվերը, կամ կա, կամ չկա...
Արթուր Հայրապետյան