Արդեն հայտնի է, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ աշխատանքային այցով կմեկնի Թբիլիսի: Այցի շրջանակներում նախահագը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

 


Կարելի է ենթադրել, որ կողմերը կքննարկեն հայ-վրացական հարաբերությունների ողջ շրջանակը, կընդգծվեն ձերքբերումները, կնախանշվեն համագործակցության նոր ուղղություններ:
Ս.Սարգսյանի նախորդ այցը Վրաստան կայացել էր 2014թ.-ի հունիսին, որից հետո բավական դրական արդյունքներ են արձանագրել երկու երկները միմյանց հետ համագործակցելու և հարաբերվելու տեսանկյունից: Անխոս ուրախալի է, որ վերջին տարիներին նկատելի են հայ-վրացական շփումների ակտիվացումը և փոխգործակցության խորացման միտումները: Այդուհանդերձ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը ձգտում են էլ ավելի բարձրացնել հարաբերությունների առկա բարձր մակարդակը և ընդառաջ գնալ նոր մարտահրավերներին:

 

Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում էր երկու հարևանների կողմից տարբեր կառույցներին անդամակցելու և դրա հետևանքով խնդիրների ծագման հավանականությունը: Շատերի կարծիքով բարդություններ և խոչընդոտներ կարող էին ստեղծվել հատկապես երկկողմ տնտեսական համագործակցության հարթության համար: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ կողմերը բավական հաջող կարողանում են հաղթահարել այդ փորձաշրջանը:

 


Կարելի է կանխատեսել, որ Սերժ Սարգսյանը վրացի գործընկերների հետ կքննարկի Հայաստանի միջով Իրանից Վրաստան գազ արտահանելու, ինչպես նաև Իրանից Հայաստան ապա և Վրաստան ձգվող երկաթուղու շինարարության հարցը: Գաղտնիք չէ, որ վրացական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ վերջին շրջանում սկսել են բավականին համարձակ խոսել ադրբեջանական որոշ ընկերությունների՝ Վրաստանում ունեցած մենաշնորհային դիրքերի գոյության մասին՝ որպես խիստ բացասական իրողության: Այդ մասին է արտահայտվել նաև իշխող կոալիցիայի հիմնադիր և այժմ էլ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների համար ազդեցիկ անձ համարվող Բիձինա Իվանիշվիլին, ով բացահայտ հայտարարեց, որ լավ կլիներ ադրբեջանական նավթագազային ՛՛ՍՈԿԱՐ՛՛ ընկերությունը մենաշնորհի չտիրապետեր Վրաստանում, և որպես այլընտրանք այդ ոլորտում դիտարկել է Իրանին:

 

Ուստի չի բացառվում, որ Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի թեման մոտ ապագայում դառնա հայ-վրացական-իրանական եռակողմ քննարկումների առանցքային հարց, ինչը, թերևս, հիմք կհանդիսանա թուրք-ադրբեջանական տարածաշրջանային մենատիրական նկրտումների իրագործման կասեցման համար: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն կստեղծեն հավասարակշռել և չեզոքացնել թուրքական այդ երկու պետությունների շահերի անհամաչափ իրացմանը մեր տարածագոտում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

 

 

Ալիկ Երոյանց