Երկրի երեսին և ամենուր, ամեն ինչ իր նպատակն ունի, ամեն մի հիվանդություն' իրեն բուժող դեղը, իսկ ամեն մարդ' իր կոչումը: Մարդն առանց մարդասիրության առ ոչինչ է... Իմ այս տողերը հենց այնպես չծնվեցին: Պարզապես ձեռքս առա ծառի վրա չորացած տերևներն ու ծառը տերևաթափ եղավ, չէ, ինձնից չէր. աշուն էր...
Քրիստինե Պեպելյանի հետ մեր ծանոթությունը մոտիկից, շատ պատահական ստացվեց: Նա առաջին մարդկանցից էր, ով արձագանքել էր իմ ամիսներ առաջ արած մի հայտարարությանը, որը մարդու մասին էր, մարդու առողջության և պետք է մարդը մարդուն օգնության հասներ: Պեպելյանը անմիջապես զանգ տվեց ինձ ու իր օգնությունը առաջարկեց: Անկեղծ չէի սպասում, բայց հեռվից հեռու լսել էի նրա մարդասիրական, բարի մարդ տեսակի մասին: Այսօր ուղղակի չէի կարող բաց թողնել պահը, երբ իմացա, որ Քրիստինե Պեպելյանը սահմանամերձ շրջաններից մեկին նվիրաբերել է իր նյութական և ինչու չէ, նաև հոգևոր օգնությունը, պարզապես նյութականը չէր կարող առանց հոգևորի գոյատևեր:
Սա ուղղակի չի խոսում միայն նրա մարդկային արժանիքների մասին, այլ հենց ուղիղ կապ ունի նրա մարդու, անհատականության, խղճի ու այո՛, հայրենասիրության մասին, որովհետև սահմանի բերանն ապրող մարդիկ ինձ համար պակաս հերոսներ չեն: Շատ հաճախ եմ եղել սահմանամերձ շրջաններում ու անձամբ եմ ծանոթացել այնտեղ ապրող մարդկանց կենցաղից սկսած մինչև ավելի լուրջ գործերին, ահ ու սարսափը աչքներին, անքուն գիշերեր անցկացնող մարդկանց կողքին: Չեմ կարող բարի գործը, թողնել անպատասխան իմ կողմից, թեկուզ, որովհետև այս օրերին Քրիստինե Պեպելյանին ինձ թվում է շատերս ենք ուզում ասել՝ շնորհակալություն բարի մարդ... Քրիստինե Պեպելյանը այն եզակի երգչուհիներից էր, ով սահմանում լարվածության ժամանակ ձայն հանեց, այն դեպքում, երբ շատերը դեմ էին քաղաքում տոնակատարությանը: Մինչդեռ նա հայտարարեց, թե Էրեբունի Երևան տունակատարությունների ողջ հասույթը կտրամադրի Սահմանամերձ շրջաններից մեկին և այո, խոստումը շատ չուշացավ: Այսօր հանդիպել եմ հենց նրան Քրիստինե Պեպելյանին ու առաջին հարցը, որ ուզում եմ նրան տալ.
-Ես գիտեմ, որ դուք շատ կարիքավոր, հիվանդ մարդկանց եք օգնել, գիտեմ, որ նաև մանկատներին եք ձեր անմիջական ու մարդասիրական օգնությունը ցուցաբերում, այսօր արդեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կողքին եք, դուք ձեր այս քայլը նպատա՞կ, թե՞ միջոց եք օգտագործում, թեև այս դեպքում օգտագործել բառը երևի ավելորդ էր:
-Ճիշտն ասած ամեն ինչ սկսվում է մանկությունից: Մարդը, երբ տեսակ է ձևավորում, թե ինչ միջավայրում է մեծանում, արժեքներ է ինքն իր մեջ կրում, ամեն բան գալիս է հենց այդտեղից: Ես չեմ ապրել ապահով ընտանիքում: Ապրել եմ սիրո մեջ: Ապրել եմ մի միջավայրում, որտեղ ինձ շատ են սիրել: Ամեն օր քնել ու արթնացել եմ մայրիկիս համբուրելով: Մայրս ինձ սովորեցրել է, որ մարդկանց սիրել է պետք:
Մարդկանց պետք է միշտ հավատալ ու սիրել, կարևոր չի ինչ իրավիճակներ կարող են փոխվել: Դրա համար, երբ մեծանում ես, կյանքը քեզ հնարավորություն է տալիս մի բան անելու, մի բանով օգտակար լինելու: Ես կարծում եմ, որ այդ հնարավորությունները պետք է շնորհակալ ձևով մարդ կարողանա տարածել մարդկանց մեջ: Չես կարող անընդհատ վերցնել, վերցնել ու ոչինչ չտալ մարդկանց, պետք է պատասխան տաս... Ժամանակի առումով ես միշտ համոզվել եմ, որ միայն վատ իրավիճակներում չէ, որ մարդ փորձությունների միջով է ացնում, լավ իրավիճակն էլ է մարդու համար փորձություն: Ճանաչված լինելը, փողը, պաշտոնը դա նույնպես փորձություն է մարդու համար: Աստված մարդուն տալիս է այս ամենն ու տեսնում, ինչպես մարդ այն կկարողանա պահել: Մարդիկ փողի, պաշտոնի փորձությանը չեն դիմանում: Ես տեսնում եմ մարդկանց և նրանց մեջ ինձ եմ տեսնում և չեմ կարող անտարբեր անցնել, ես նրանցից մեկն եմ, ես տարբեր չեմ: Ու երբ ես տեսնում եմ, որ մարդը ինչ-որ բանի կարիք ունի ու ես կարող եմ օգնել, ես ուղղակի գիշերը չեմ կարող քնել, իմանալով որ մարդ իմ կարիքը ուներ ու ես չկարողացա օգնել: Ես երկնքից չեմ իջել, ու ես բոլոր մարդկանցից մեկն եմ, ով կարողանում է օգնել մարդուն ու օգնում է, ինչու չէ: Ես իմ խղճի առաջ պետք է հանգիստ լինեմ:
-Վերջերս վաստակավոր արտիստի կոչում տվեցին Արմենչիկին, դուք էլ ե՞ք այն մարդկանց կարծիքին, որ եթե շատ մարդ է ճանաչում տվյալ երգողին, այս դեպքում կարևոր չէ, թե ինչ է երգում, կարևորը ճանաչումն է, որ կարող է թույլ տալ կոչում շնորհելուն, թե՞... Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին, նամանավանդ որ այսօր թացը չորի հետ խառնվել է, ով ասես, որ վաստակավոր չի:
-Ճիշտն ասած ես չեմ համարում այն, որ եթե շատ մարդ է քեզ ճանաչում, ուրեմն դու վաստակել ես այդ վաստակավորի կոչումը: Դու պետք է տեսնես քեզ, տեսնես ովքեր կան, ովքեր են վաստակավոր և այդյոք նրանց կողքին քեզ տեսնում ես: Ես օրինակ չեմ կարող հասկանալ, թե մարդիկ ինչու են ձգտում կոչումների հասնել: Ինչ է նրանց այդ կոչումը տալիս: Իմ կարծիքով վաստակավորի կոչումը դա կենսագրություն անցած, փորձ, աշխատանք կատարած մեկը պետք է լինի, ով կանգնելով մյուս արժանի վաստակավորի կողքին վատ չի զգա: Իսկ Արմենչիկը թող ինքը պատասխան տա, թե ինչու են նրան վաստակավորի կոչում տվել, ես իմ անունից կարող եմ խոսել:
-Ձեր երևակայական հերոսը:
-Իմ հերոսը մայրս է: Այո՛, մայրս... որովհետև մայրս է, ով միշտ իմ կողքին է եղել, ու լավ, նույնիսկ դժվարին օրերը իրար հետ ենք հաղթահարել: Ու նաև մայրս է, ում շնորհիվ շատ հաճախ ներշնչվել եմ, ստեղծագործել ու մայրս ինձ պահապան է եղել, բոլոր հարցերում...
-Ես վախենում եմ, Քրիստինե Պեպելյանը ամենից շատ, ինչի՞ց է վախենում:
-Միանշանակ կարող եմ ասել՝ անտարբերությունից: Վախենում եմ, որ մարդ կարող է անտարբեր լինի, իսկ եթե մարդ անտարբեր է, դա անկեղծ ասած լավ տեղ չի կարող նրան տանել: Անտարբերությունը լավ բան չի և ես հասկացել եմ, ինչ վատ բան է անտարբեր լինելը, ու ամեն կերպ կարողանում եմ անտարբեր չլինել: Շատ մարդիկ, երբ սահմանամերձ շրջանին փող փոխանցեցի, ասացին, որ ինչ է անելու Քրիստինեի այդ փոքրիկ գումարը սահմանամերձ շրջանում ապրող մարդուն, իսկ ինչու ոչ, հնարավոր է, որ որոշ փողոցների լուսավորության վրա ծախսվի իմ փոխանցած գումարը, կամ դիմացը ձմեռ է, մարդիկ տաքանալու հարցեր կարող են լուծել... Այնպես որ անտարբեր չեմ և ինձնից ինչ հաջողվում է, փորձում եմ անել:
-Կյանքը ինձ համար, կյանքը մյուսների համար, եթե փորձենք առանձնացնել այն, ապա...
-Գիտեք, երբեք կյանքը չեմ առանձնացրել, իմ համար և մյուսների համար առանձին վերցրած: Կյանքը անչափ շատ եմ սիրում և ես այն տարբերելու խնդիր չեմ ունեցել: Կյանքը պետք է սիրել, իսկ երբ սիրում ես, ուրեմն չես կարող հենց այնպես ապրել:
-Ի՞նչ փուլում է այսօր Քրիստինե Պեպելյանը, որպես երգչուհու համար ապրած-չապրած տարիների բեմական կյանքը, ի՞նչ կարող էիք անել, որ չեք արել և հակառակը:
-Երբեմն պատահել է, որ շատ ժամանակ կարող էի իմ աշխատանքի վրա ծախսել, բայց չեմ արել, նույնն էլ հակառակը, բայց ինձ թվում է, որ ամեն բան կարողանում եմ հասցնել: Թվում է կյանքը շատ երկար է, բայց այդպես չէ, կյանք կարճ է ու պետք է հասցնես ամեն բան... ու ես փորձում եմ մինչև օրս հասցնել գործերս իր ավարտին: Եվ դրա համար շնորհակալ եմ առաջինը Աստծուն:
-Աստծուն հավատում ես:
-Հավատում եմ իհարկե... Մայրս իմ Աստվածն է: Ես գիտեմ, որ նա միշտ ինձ հետ է ու միշտ ինձ պաշտպանում է:
Հարցազրույցը՝ Արթուր Հայրապետյանի