Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, որից հետո առանձին հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Չնայած կոնֆլիկտի լուծման ուղիների տարբերվող մոտեցումներին՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարողացել են գտնել շփման եզրեր, որի հիման վրա հետագայում հնարավոր կլինի ավելի հստակ պայմանավորվածություններ և որոշումներ ձեռք բերել:
Կարևորագույն խնդիրը կայանում նրանում, որ Ռուսաստանը բոլորից տարբերվող մոտեցում ունի Սիրիայի ներկայիս նախագահ Ասադի հարցում. Ռուսաստանը համարում է, որ նա պետք է մնա իշխանական ղեկին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպումից հետո ասաց հետևյալը. «Միայն մի հանգամանք է թերևս մեզ խանգարում լիարժեք համագործակցության համար, և այդ հանգամանքի անունն է՝ Բաշար Ասադ: Դա է մեր հիմնական խնդիրը: Մեզ համար Ասադն այն անձնավորությունն է, որի պատճառով այսօրվա դրությամբ Սիրիայից մոտ 4 միլիոն մարդ է գաղթել հարևան երկրներ»:
Սերգեյ Լավրովն էլ իր հերթին փաստորեն սենսացիոն հայտարություն է արել, ասելով, որ Մոսկվան պատրաստ է օդային հարվածների տեսքով օգնություն տրամադրել Սիրիայի նախագահ Ասադին ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» խմբավորմանը՝ այն կետերում, որտեղ «Սիրիական ազատ բանակ»-ը պայքարում է «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ: Նշվել է նաև, որ ռուսական կողմը այդ հարցը համաձայնեցրել է Բաշար Ասադի հետ:
Ռուբեն Շուխյան