1972 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 3038 բանաձեւով հիմնեց Զարգացման մասին տեղեկատվության միջազգային օրը, որի նպատակը համաշխարհային հանրության ուշադրությունը զարգացման խնդիրների եւ դրանց լուծման համար միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ հրավիրելն է: Վեհաժողովը որոշել է, որ այդ օրը պետք է համընկնի ՄԱԿ-ի Միջազգային օրվա՝ հոկտեմբերի 24-ի հետ: Տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ որևէ այլ եղանակով: Մարդու կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել տեղեկատվությունը, իսկ քսաներորդ դարի կեսերին առաջընթացի ու արագ զարգացման պայմաններում տեղեկաատվության դերն անհամեմատ աճեց:
Ներկայումս ամբողջ աշխարհում թվայնացվում է հեռուստատեսությունը, զարգանում է ինտերնետը, հեռախոսային կապը: Հավանաբար հենց տեղեկատվությունն է մարդու կյանքի կարևորագույն արժեքը:
Բոլորը գիտեն հայտնի արտահայտությունը՝ «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին»: Տեղեկատվության ծավալն աճում է ամեն օր: Թվային ապագան, ինչի մասին առաջ նույնիսկ երազել չէին կարող, դարձել է սովորական թվային ներկա: Հարկ է նկատել նաև այն, որ ինֆորմացիայի աճող քանակը կարող է առաջացնել հոգեբանական խնդիրներ: Այսպես, հոգեբաններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներից և հենց ստացված ինֆորմացիայից օգտվել չկարողանալը, դրա քանակի ու որակի ոչ ճիշտ վերահսկողությունը կարող է հանգեցնել «տեղեկատվական սթրեսի»: Դա էլ իր հերթին կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ:
Սևակ Գրիգորյան