Երևանի քաղաքապետարանի առաջին շենքը... Նկարում Երևանի քաղաքային խորհրդի (դումա) և գործադիր մարմնի (ուպռավա) շենքն է՝ 1930 թվականին: Այն գտնվում էր Խորենացի 16 հասցեում՝ Ստեփան Շահումյանի արձանի դիմացը (մինչև 1920-ականները Շահումյանի արձանի տեղում ռուսական եկեղեցի էր): Շենքը քանդվել է 2000 թ., և ներկայումս այդ տեղում «Կոնգրես» հյուրանոցն է:
Երևանի խորհուրդը և գործադիր մարմինը պաշտոնապես սկսել էին գործել դեռևս 1878 թվականից՝ երբ առանձնացվեցին նահանգային իշխանություններից: Սակայն այն ժամանակ տարբեր գերատեսչություններ գտնվում էին առանձին մասնավոր շենքերում՝ այդ ամենը կենտրոնացված չէր մեկ տեղում: Եվ ահա ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով 1906-07 թթ. հատուկ քաղաքապետարանի համար կառուցվեց այս շենքը, որը հնարավորություն տվեց վերջապես միավորել Երևանի բոլոր քաղաքային գերատեսչությունները մեկ տանիքի ներքո: Շենքը վերակառուցվեց 1929 թ. (ճարտարապետ' Նիկողայոս Բունիաթյան), երբ ավելացվեց 3-րդ հարկը:
Հետաքրքիր է, որ այդ շենքը փաստացի ծառայել էր որպես քաղաքապետարան 3 տարբեր քաղաքական համակարգերի օրոք՝ ցարական Ռուսաստանի, Հայաստանի Առաջին Հանրապետության և Սովետական Հայաստանի: Իսկ ահա 1954 թվականից հետո, երբ քաղաքապետարանը տեղափոխվեց արդեն նոր շենք, այստեղ էր տեղակայված Երևանի Սպանդարյան շրջանի գործադիր կոմիտեն:
Ռուբեն Շուխյան