Ուշագրավ է որ, Երևանի մզկիթներին կից նույնպես տարբեր ժամանակներում և տարբեր տևողությամբ գործել են հոգևոր դպրոցներ, որոնցում սովորել են մահմեդական երեխաները: Մզկիթներին կից գործող այդ հոգևոր դպրոցները կոչվել են մեդրեսեներ կամ հոգևոր ճեմարաններ: Այստեղ երեխաները պատրաստվում էին հոգևորական դառնալու կամ ուղղակի ձգտում էին գրագիտություն սովորել և որոշ գիտելիքներ ձեռք բերել: Մեդրեսեների ցածր դասարանի ուսուցիչները կոչվում էին մուդարիսներ, իսկ բարձր դասարանների ուսուցիչները՝ վայզեր: Կային մզկիթներ, որոնց կից գործող դպրոցներում, սկզբից մինչև վերջ, ավանդում էին միևնույն ուսուցիչները՝ մուշտեիդները, որոնց մոտ աշակերտներ էին գալիս Արևելյան Հայաստանի մահմեդաբնակ տարբեր տեղերից:

 


Երևանի մզկիթների մեջ համեմատաբար ամենից մեծ, մշտական ու կանոնավոր գործող մեդրեսե (ճեմարանը) ունեցել է միայն Գյոյ-Ջամին, որը դպրոցի համար ուներ հատուկ հարմարություններ: Հայ և օտար շատ հեղինակներ այդ մզկիթի մասին խոսելիս միշտ անդրադարձել են նրա մահմեդական հոգևոր դպրոցին՝ մեդրեսեին: Սակայն այդ կրթարանը, որը գոյություն ուներ XVIII դարի վերջերից, XIX դարի սկզբների դրությամբ պատկերավոր և մանրամասն նկարագրել է Հաքստհաուզենը: Նա Խ. Աբովյանի ուղեկցությամբ դիտել է Գյոյ-Ջամիի մեդրեսեի առօրյան և ահա թե ինչ է գրում դրա մասին. «Երկու աւուրք առաջ քան զայս՝ առաջնորդութեամբ նորան դարձեալ Աբովեանի տեսեալ էի զմզկիթն, որ շքեղապես և հոյակապ մինարէիւն և վայելչաշէն դրամբքն, կարեմ ասել՝ առաջին շինութիւնն է Երևանայ. առաջի մզկիթն են բազում շինուածք, յորս և դպրոցն նոցա և բնակարանք մոլլայից. ի մտնելն մեր յառաջանում նուաղի ընդ պարիսպն մզկթի՝ տեսաք զի յարձակ պատշգամբք միում նստէին երեսուն աշակերտք ըստ արեւելեան սովորութեան (ծալեալ ոտիւք), ի մէջ նոցա երկու ուսուցիչք նոյն օրինակ նստեալք, կոչէին աշակերտաց երկուս երկուս, և նստուցեալ առաջի իւրեանց համարս առնուին աշակերտք՝ որք պատմէին կամ ընթեռնուին զուսանելիսն, շարժէին անդադար զգլուխս իւրեանց յայսկոյս. մատեանք նոցա ձեռագիր են ի լեզու Պարսից ի գրելն ևս ի կիր առնուն տառս Պարսից, թէև ինքեանք Թաթարք ուսուցանեն աշակերտաց միայն զքանի մի թեթև առարկայս, որպէս զպատմութիւն Նադիր Շահին և այն. և ձեռագիր. ուսուցիչն այնչափ պարտի կրկնել զաւանդեալն, մինչեւ աշակերտք կարող լիցին մեքենաբար ըմբռնել զայն ի լեզու, միանգամայն անծանօթ ինքեանց, սմին իրի է՝ զի սոսկ ընթերցումն և ի գիր ամս ձիգս մաշէ զկեանս ողորմելի աշակերտին . յայլամ տեղւոջ նստեալ տեմաք զմոլլայ մի ծերունի. և առաջի նորա երկու դեռահաս պատանիք. նոքա ունկն դնէին և ինքն երկիւղածութեամբ ընթերցեալ զՂուրանն մեկնէն նոցա»:

 


Գերմանացի ականատես ճանապարհորդի հուշերից բերված պարբերությունից երևում է, որ Գյոյ-ջամիին կից եղած այս կրթական հոգեւոր ուսումնարանում չկային դպրոցի համար անհրաժեշտ տարրական պայմաններ (սեղան, նստարան, գրատախտակ և այլն), գրենական պիտույքներ և տպագիր դասագրքեր: Թեպետև սովորողները հիմնականում թաթար (ադրբեջանցի) մանուկներ էին, սակայն ուսուցումը կատարվել է նրանց համար միանգամայն անհասկանալի պետական լեզվով՝ պարսկերենով: Շատ անգամ աշակերտները ոչինչ չեն հասկացել իրենց դասերից և միայն դրանք մեխանիկորեն անգիր են արել: Ուսումը տևել է երկար, աշակերտների համար ծանր պայմաններում:

 

Ուսման հիմնական նպատակը գրագիտություն սովորեցնելն էր և մի փոքր ծանոթություն տալը պատմությունից ու այլ առարկաներից:
Այդպիսին էին մեզ հետաքրքրող շրջանի Երևանի մզկիթներին կից գործող կրթարանները: Մի կողմ թողնելով դրանցում իշխող ավանդական, արատավոր մեթոդները, ուսման ցածր որակը, դպրոցի համար ամենատարրական պայմանների բացակայությունը և այլ հանգամանքներ, պետք է ասել, որ այդ մեդրեսեները իրենց ընդհանուր դրվածքով հնարավորություններ չունեին ընդգրկել քաղաքի մանուկների մեծագույն մասին: Դրանցում սովորողները դպրոցական հասակ ունեցողների միայն մի չնչին տոկոսն էին կազմում:

 

 

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան