Բիզնես ոլորտի զարգացումը տնտեսության աճի կարևոր նախապայմաններից է: Դրան էր ուղղված օրերս ՀՀ կառավարությունում հավանության արժանացած ՀՀ ֆինանսերի նախարարության կողմից մշակված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և դրանից բխող մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Վերջինովս առաջարկվում է հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը: Մասնավորապես՝ առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը, հետևաբար, սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի:
Հարկ է նշել նաև, որ ըստ ոփոխության'

 

1.կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման և վերադարձման գործող ընթացակարգերը և դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,

 

2.կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը (դիմումների ներկայացում, եզրակացությունների կազմում և այլն),

 

3.կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներե կուտակվելու հնարավորությունը,

 

4.կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),

 

5.բոլոր հարկատեսակների և վճարների գծով նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման և հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,

 

6.ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաև հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,

 

7.հանվել են տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները:
Ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների արդյունքում եկամտային հարկի և արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային:

 


Տնտեսական անկյուն