Որքան էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հրապարակում կազմակերպված՝ «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ որոտացած 2 խոշոր պայթյունների պատասխանատվության վեկտորն ուղղել դեպի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը, հանդես գալ մեղադրող հայտարարություններով, ձերբակալել ենթադրյալ կասկածյալների և այլն, այնուամենայնիվ նման եղանակով ԹՀ գործող վարչակարգը հայտնվում է շատ ավելի խոցելի իրավիճակում:
Բանն այն է, որ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումները մշտապես տեղի են ունենում միևնույն սցենարով: Ցանկացած գործողությունից հետո կառույցն անմիջապես ստանձնում է դրա պատասխանատվությունը (նշված եղանակով մի քանի տասնյակ ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում և այլն), իսկ եթե ինքը չէ կանգնած հարձակումների հետևում, պարզապես քաջալերում է իրականացնողներին և մաղթում ավելի մեծ կորուստներ. ի դեպ, կատարման եղանակի առումով Անկարայում հնչած պայթյուններն ավելի մոտ են «Ալ Կաիդայի» ձեռագրին, թեպետ այս ծայրահեղական կառույցը ևս անմիջապես ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը...
Այս համատեքստում, ԻՊ-ի արձագանքն Անկարայի պայթյունների վերաբերյալ հնչել է դեռևս հոկտեմբերի 11-ին, երբ ծայրահեղական կառույցին պատկանող թվիթերյան թուրքալեզու հաշիվներից մեկի միջոցով տարածվել է հետևյալ հրապարակումը՝ «Անկարայում տեղի ունեցած ցույցի ժամանակ անհավատ կոմունիսնտերից մոտ 40 հոգի սպանվել է, և 100 հոգուց ավելին վիրավորվել: Շնորհավորում ենք գործողության հեղինակներին: Փառք Ալլահին, թող Ալլահը մահացածների թիվն ավելացնի: Արյունի մեջ խեղդվեցիք»:
Ի դեպ, ԻՊ-ը մոտավորապես նույն կերպով է արձագանքել, այսինքն՝ միայն շնորհավորել և ողջունել է ս.թ. հունվարի սկզբին փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան դեմ իրականացված ահաբեկչական հարձակմանը, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Կաիդայի» ճյուղավորումներից մեկը՝ «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցը:
Վերոնշյալի համատեքստում, Անկարայի ահաբեկչական հարձակումների հետ կապված կարելի է առաջադրել երկու առավել հավանական սցենար՝ կա՛մ, ԻՊ-ը քաղաքական խաղ է սկսել թուրքական իշխանությունների հետ՝ միտումնավոր կերպով չստանձնելով պայթյունների պատասխանատվությունը և դրանով իսկ բավականին խոցելի իրավիճակում հասցնելով թուրքական իշխանություններին (այս տարբերակը, թեպետ հնարավոր է, սակայն բավականաչափ հեռու է իրականությունից, քանի որ նախ էականորեն կվնասի կազմակերպության հեղինակությանն, իսկ տվյալ դեպքում՝ ծայրահեղական կառույցի համար շատ ավելի մեծ հաղթաթուղթ կապահովեր ահաբեկչության ստանձնաման քարոզչական կողմը ), կա՛մ, որ շատ ավելի հավանական է՝ գործողության իրականացման հարցում խառն է թուրքական «պետության» մատը, որի նպատակը նախընտրական շրջանում երկրում առկա ներքաղաքական, անվտանգային լրջագույն խնդիրներից բացի նաև արտաքին ահաբեկչության վտանգի մատնանշումն է, և իհարկե, այն պատրանքը, որ բոլոր խնդիրներն արմատախիլ անելու մենաշնորհը պատկանում է բացառապես Թուրքիայում իշող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նրա վերնախավին:
Ինչևիցէ, մի բան անհերքելի է, որ կատարման առումով Անկարայի ահաբեկչական գործողությունները բավականաչափ թերի էին, ինչի հետևանքով Թուրքիայի իշխանություններին ծանրակշիռ հարցեր են առաջդրվելու դրանց հետաքննության և իրական մեղավորների «բացահայտման» գործընթացի հետ կապված:
Արմեն Պետրոսյան