Հայ-իրանական հարաբերությունները վերջին տարիներին թևակոխել են ակտիվ զարգացման փուլ, ինչն արդյունք է այն բանի, որ միջպետական համագործակցության մեջ տնտեսական նշանակության ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն է ձեռք բերել: Հարաբերությունների զարգացման ընթացքն այսօր բավական ակտիվացել է, քանի որ գրեթե 20 տարվա պատմություն ունեցող ՀՀ-ԻԻՀ կապերը վերջին մի քանի տարում բավական լուրջ տնտեսական լիցք են ստացել:

 


Չնայած այն վերադասավորումներին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են հատուկ տեղ զբաղեցնել, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը Իրանի համար բարդ իրավիճակներում միշտ Իրանին չվնասող դիրքորոշում է որդեգրել՝ այդ թվում միջազգային կառույցներում։

 


Այն հանգամանքը, որ այսօր Իրանից բավականին մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան' բաղկացած քաղաքական և տնտեսական թևերը ներկայացնող գործիչներից, նշանակում է, որ իրանական կողմը մի շարք բնագավառներում ցանկանում է համատեղ ծրագրեր իրականացնել ՀՀ-ի հետ:
Նշենք, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի շահագրգռվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը Իրանի համար կարող է կարևոր հարթակ լինել Իրան-ԵԱՏՄ երկխոսության ձևավորման և համագործակցության զարգացման գործում, ինչի արդյունքում իրանական արտադրանքը կարող է արտահանվել նաև ԵԱՏՄ երկրներ:

 


Բացի այդ, Հայաստանն Իրանի համար կարևոր տարանցիկ երկիր է Սև ծով ու ՌԴ ցամաքային ճանապարհով հասնելու համար: Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը, տարածաշրջանային կարևորություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը կարող է նոր թափ ստանալ' կապող օղակ դառնալով Սև ծովի և Պարսից ծոցի երկրների միջև:

 

 


Տաթև Տիգրանյան